Գարսիան երեք խաղում ավելի շատ ճշգրիտ փոխանցում է կատարել, քան մի շարք հավաքականներ
Մարտի 24-31-ն ընկած ժամանակահատվածում կայացան աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին 3 տուրերի հանդիպումները։
Իսպանիայի հավաքականը, որն ընդգրկված է B խմբում, նույնպես անցկացրեց 3 հանդիպում՝ այդ ընթացքում վաստակելով 7 միավոր։ «Ֆուրիա Ռոխան» նախ մարտի 25-ին սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Հունաստանի (1:1) դեմ խաղում, ապա մարտի 28-ին և 31-ին հաղթեց համապատասխանաբար Վրաստանի (2։1) և Կոսովոյի (3։1) հավաքականներին։
Այդ երեք խաղերին էլ իսպանացիների կազմում մասնակցեց կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան, ով տպավորիչ ցուցանիչ է գրանցել։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, 20-ամյա պաշտպանն այդ խաղերում ավելի շատ ճշգրիտ փոխանցում է կատարել, քան Ջիբրալթարի և Անդորրայի հավաքականները, որոնք նույնպես անցկացրել են երեքական հանդիպում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գարսիան կատարել է 327 ճիշտ փոխանցում, իսկ Ջիբրալթարն ու Անդորրան համապատասխանաբար՝ 322 ու 273-ական փոխանցում։
Հատկանշական է, որ Սան Մարինոյի հավաքականը, որն այս ընթացքում նույնպես անցկացրել է 3 հանդիպում, կատարել է 328 ճիշտ փոխանցում։
Whoscored վիճակագրական կայքն էլ հայտնում է, որ Գարսիան միջինը մեկ խաղում կատարել է 115 փոխանցում՝ 95.7% ճշգրտությամբ։
Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում, սակայն, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է «Բարսելոնա»։ Երիտասարդ ֆուտբոլիստը հենց կատալոնական ակումբի սան է։
Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան «քաղաքաբնակների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 10 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, ԱԱԱ-2019, Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Իսպանիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ