Ինչպե՞ս են Պորտուի և Բրագայի ֆուտբոլիստները միասին հրում շտապօգնության մեքենան🎥
Պորտուգալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Բրագան» ու «Պորտուն» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվ։
Հանդիպումը բավական հետաքրքիր և իրադարձություններով լի է ստացվել։
«Պորտուն», որն առաջին խաղակեսում հիմնականում ուներ լուրջ խաղային առավելություն, 9-րդ րոպեից սկսած՝ իրանցի կիսապաշտպան Մեհդի Տարեմիի խփած միակ գոլի շնորհիվ հաղթում էին 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ «վիշապների» համար, սակայն ամեն ինչ հերթով։
Հանդիպման 66-րդ րոպեին «Պորտուի» վինգեր Լուիս Դիասը հարձակման ձախ եզրով ներխուժեց «Բրագայի» տուգանային հրապարակ, հարվածեց, սակայն տանտերերին երկրորդ գոլից փրկեց դարպասապահ Մաթեուս Մաթեուսը։
Նախքան հարվածը «զինագործների» կենտրոնական պաշտպան Դավիդ Կարմուն փորձում էր խանգարել Դիասին, ինչի հետևանքով կոլումբացի ֆուտբոլիստի հարվածից հետո նրանք բախվեցին։
Առաջին հայացքից տպավորություն էր, թե սովորական բախում է և որևէ լուրջ բան պետք է տեղի ունեցած չլինի, սակայն, ինչպես պարզվեց վայրկյաններ անց, Կարմուն ծանր վնասվածք է ստացել։
Հանդիպման գլխավոր մրցավար Լուիշ Գոդինյուն նույնիսկ գնաց և VAR համակարգի օգնությամբ դիտեց դրվագի կրկնապատկերը, ինչից հետո Դիասին հեռացրեց խաղադաշտից։
Սակայն, ամենահետաքրքիրը դեռևս առջևում էր։
Բախումից անմիջապես հետո մարզադաշտի շտապօգնության մեքենան մտավ խաղադաշտ, որպեսզի Դավիդ Կարմուին հոսպիտալացնեն, սակայն, երբ մեքենան փորձում էր հեռանալ խաղադաշտից, տեխնիկական խնդիրներ առաջացան, ինչի հետևանքով անջատվել էր շարժիչը, իսկ վարորդները ոչ մի կերպ չէին կարողանում այն գործի գցել։
Բանը հասավ նրան, որ երկու ակումբների ֆուտբոլիստները ստիպված եղան միահամուռ ուժերով հրել մեքենան։ Ի վերջո, այն բարեհաջող լքեց մարզադաշտը։
Խաղն այդ դրվագի պատճառով մոտ 12 րոպե կանգ էր առել․ այն շարունակվեց միայն 78-րդ րոպեից։
«Բրագայի» ֆուտբոլիստնեը, ստանալով քանակական առավելություն, նետվեցին առաջ, որպեսզի փրկեն հանդիպումը, ինչն էլ տվեց իր արդյունքը։
Հանդիպման 90+12-րդ րոպեին, ի վերջո, տանտերերին հաջողվեց խուսափել պարտությունից, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց թիմի ավագ Ֆրանսերժիուն։
Հատկանշական է, որ 90+7-րդ րոպեին «Պորտուի» կազմից կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց նաև Մաթիաս Ուրիբեն՝ իր թիմին թողնելով 9 ֆուտբոլիստներով։
Այսպիսով, խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին՝ «Պորտուի» հարկի տակ։
# Բրագա, Դավիդ Կարմու, Լուիս Դիաս, Մաթեուս Մաթեուս, Մաթիաս Ուրիբե, Մեհդի Տարեմի, Պորտու, Պորտուգալիայի գավաթ, Ֆրանսերժիու