Բավարիան փոխարինող է փնտրում ծանր վնասվածք ստացած Նոյերի համար
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն Instagram-ի իր էջում հայտնել է, որ ծանր վնասվածք է ստացել դահուկ քշելու ժամանակ.
«Է՜հ ընկերներ, ի՞նչ ասեմ… տարվա ավարտը միանշանակ կարող էր ավելի լավ ստացվել։
Մինչ ես փորձում էի «մաքրել» գլուխս դահուկ քշելու միջոցով, ոտքի կոտրվածք ստացա։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, ինչի համար անչափ շնորհակալ եմ բժշիկներին, սակայն դժվար է ընդունել, որ մրցաշրջանն ինձ համար ավարտված է»,- գրել է 36-ամյա դարպասապահը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ մյունխենյան ակումբն արդեն փոխարինող է փնտրում Նոյերի համար։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիան» դիտարկում է վերադարձնել Ալեքսանդր Նյուբելին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյի» կազմում։
Նյուբելի ու մոնեգասկյան ակումբի միջև վարձակալական պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, սակայն «Բավարիան» կարող է ժամանակից շուտ խզել այն ու վերադարձնել իր դարպասապահին։
Բացի դրանից, «Բավարիան» հարցում է ուղարկել նաև «Դինամո Զագրեբին»` Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի տրանսֆերային պայմաններին ծանոթանալու համար։
Նշենք, որ Լիվակովիչն ընթացիկ աշխարհի առաջնության լավագույն դարպասապահներից մեկն է` մեկ խաղում միջինը կատարելով 4 սեյվ։
27-ամյա դարպասապահը 1/4 եզրափակիչի շրջանակում կայացած Խորվաթիա – Բրազիլիա (1:1, 11 մ – 4:2) խաղում կատարեց 11 սեյվ, իսկ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ հետ մղեց «պենտակամպիոնների» հարձակվող Ռոդրիգոյի հարվածը։
Լիվակովիչը 2015 թ. օգոստոսից հանդես է գալիս «Դինամո Զագրեբի» կազմում` անցկացրած 262 խաղում 122 անգամ դարպասը պահելով անառիկ։
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Նյուբելին, 26-ամյա դարպասապահը «Բավարիայի» շարքերը համալրել է 2020 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում` 1 անգամ դարպասը պահելով անառիկ։
2021 թ. հուլիսին գերմանացի դարպասապահը վարձավճարով տեղափոխվել է «Մոնակո», որի կազմում մինչ օրս դաշտ է դուրս եկել 72 անգամ` անցկացնելով 20 «չոր» հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Ալեքսանդր Նյուբել, Աշխարհի առաջնություն, Բավարիա, Գերմանիայի հավաքական, Դինամո Զագրեբ, Դոմինիկ Լիվակովիչ, Խորվաթիայի հավաքական, Մանուել Նոյեր, Մոնակո, Մունդիալ-2022, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Քաթար-2022