Բավարիան ՉԼ փյեյ-օֆֆ-ի շրջանակում տոնեց 7-րդ անընդմեջ հաղթանակը🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպման ժամանակ Հռոմում մյունխենյան ակումբը հաղթել էր 4։1 հաշվով։
Հանդիպումը մեկնարկեց ոչ բարձր տեմպով, սակայն ակնհայտ էր, որ «Բավարիայի» թելադրանքով, որն աստիճանաբար հանդիպման ղեկն իր ձեռքում վերցրեց՝ տիրելով գնդակին և վտանգավոր գրոհներով սպառնալով մրցակցի դարպասին։
Վերոնշյալի մասին է փաստում առաջին կեսի վիճակագրությունը․ տանտերերն ունեին տարածքային մեծ առավելություն (62%), «Լացիոյի» դարպասին կատարել էին 6 հարված, որից միայն մեկն էր դիպուկ և գոլային։
Հանդիպման 31-րդ րոպեին Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ թիմի հարձակման առաջատար Ռոբերտ Լևանդովսկին և անվրեպ իրացրեց այն՝ ընդհանուր դիմակայության հաշիվը դարձնելով 5։1։
Դրան ի պատասխան՝ հռոմից ժամանած հյուրերը մինչ ընդմիջման գնալը 3 հարված կատարեցին դեպի մրցակցի դարպասը, որից միայն մեկն էր դիպուկ, սակայն այն ցանկալի արդյունք չտվեց։ Արդյունքում, կողմերն ընդմիջման գնացին «Բավարիայի» առավելությամբ 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում խաղադաշտում նույն պատկերն էր, ինչ առաջինում։ Կրկին հանդիպման ղեկը տանտերերի ձեռքում էր, որոնք մերթընդմերթ գրոհներով փորձում էին մեծացնել հաշվի մեջ առավելությունը։
Հանդիպման 67-րդ րոպեին հաջողությանը կրկին մոտ էր Լևանդովսկին, որի հարվածից հետո Պեպե Ռեյնային օգնության հասավ դարպասաձողը։
6 րոպե անց Դավիդ Ալաբան սուր փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Էրիկ-Մաքսիմ Չուպո Մոտինգին, ով դիպուկ հարվածով կրկնապատկեց այս խաղում իր թիմի առավելությունը։
Թվում էր, թե ամեն ինչ գնում է իր տրամաբանական ավարտին, սակայն ինչպես կողմերի միջև կայացած առաջին խաղում, Սիմոնե Ինձզագիի տղաները խփեցին հեղինակության գնդակը, որը 82-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Մարկո Պառոլոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 2։1։
Այսպիսով, երկու խաղերի արդյունքում Մյունխենի «Բավարիան» 6։2 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ և ապահովեց իր ներկայությունը մրցաշարի քառորդ եզրափակչում։
Հավելենք, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերի շրջանակում տոնում է արդեն 7-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ այդ շարքը սկսվել է դեռևս մրցաշարի նախորդ խաղարկությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Լացիո, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մարկո Պառոլո, Չեմպիոնների-լիգա, Պեպե Ռեյնա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սիմոնե Ինձզագի