Բավարիայի չեմպիոնությունը հետաձգվում է․ Մայնցը խոշոր անակնկալ մատուցեց🎥

Բավարիայի չեմպիոնությունը հետաձգվում է․ Մայնցը խոշոր անակնկալ մատուցեց🎥

24/04/2021 - 19:32

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Մայնցի» դեմ։

Շատերի համար անսպասելիորեն հանդիպումը բավական ակտիվ սկսեցին հենց «Մայնցի» ֆուտբոլիստները, ովքեր արդեն 3-րդ րոպեին Ջոնաթան Բուրկարդի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո էլ տանտերերը դաշտում ավելի լավ էին նայվում և 10-րդ րոպեին կարող էին նույնիսկ կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Դանի Լաթցայի հարվածից հետո «Բավարիային» փրկեց Մանուել Նոյերը։

18-րդ րոպեին հարվածային դիրքում հայտնվեց արդեն Դանի Դա Կոստան․ վերջինիս հարվածից հետո էլ գնդակը դիպավ դարպասաձողին։

37-րդ րոպեին, Բո Սվենսոնի թիմը, ի վերջո կրկնապատկեց իր առավելությունը․ տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ռոբին Քուայսոնը՝ կրկնապատկելով «Մայնցի» առավելությունը։

Կողմերն ընդմիջման գնացին տանտերերի երկու գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում, ճիշտ է, Հանս-Դիտեր Ֆլիկի սաներն ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն մյունխենյան ակումբի խաղն ընդհարպաես չէր ստացվում։ Առաջին հերթին չկար սրություն «Բավարիայի» ֆուտբոլիստների խաղում, երկրորդ՝ նրանք շատ կանխատեսելի գրոհներ էին անցկացնում, ինչն էլ միայն «Մայնցի» օգտին էր, որն անձնուրաց պաշտպանվում էր։

Միայն խաղավարտին մոտ՝ 90+5-րդ րոպեին, վնասվածքից վերջերս ապաքինված Ռոբերտ Լևանդովսկին մեկ գնդակ հետ բերեց «Բավարիայի» համար, սակայն այդ գոլից հետո հանդիպման գլխավոր մրցավար Հարմ Օսմերսն անմիջապես ազդարարեց խաղի ավարտը։

Այսպիսով, «Մայնցի» ֆուտբոլիստները կարողացան պահպանել առաջին խաղակեսում ձեռքբերած առավելությունը և հաղթել «Բավարիային» 2։1 հաշվով՝ մատուցելով բավական խոշոր անակնկալ։

Նշենք, որ եթե «Բավարիան» հաղթեր այս խաղում, ապա 9-րդ անգամ անընդմեջ կդառնար Բունդեսլիգայի չեմպիոն, սակայն մյունխենյան ակումբի չեմպիոնությունը հետաձգվեց։

Մյունխենցիները մնացին 71 միավորով և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լայպցիգից» առաջ անցնելով 10 միավորով, սակայն «ցլերն» ընթացիկ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումը։

Յուլաին Նագելսմանի թիմն ապրիլի 25-ին տանը կմրցի «Շտուտգարտի» դեմ։

Ինչ վերաբերում է «Մայցին», ապա Բո Սվենսոնի թիմը վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ գործնականում ապահովելով իր տեղը Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանի համար, քանի որ անցումային հանդիպումների իրավունք տվող 16-րդ հորիզոնականը զբաղեցնող «Քյոլնին» գերազանցում է արդեն 5 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023