Գոլային հրավառություն Մյունխենում․ Բավարիան ու Արմինիան հիանալի հանդիպում են պարգևում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց հետնապահների թվում ընթացող «Արմինիայի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին Բիլեֆելդից ժամանած հյուրերը Միշել Վլապի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Բաց թողած գոլից հետո Հանսի Ֆլիկի սաներն ունեին առավելություն, սակայն 37-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեցին սեփական դարպասից, քանի որ անկյունայինի խաղարկումից հետո Ամոս Պիպերը կրկնապատկեց «Արմինիայի» առավելությունը։
Հանուն արդարության՝ նշենք, որ առաջին խաղակեսի ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ թե՛ տարածքային և թե՛ խաղային առավելություն, սակայն խանգարում էր ինչպես հոգնածությունը (խմբ․՝ «Բավարիան» վերջերս Քաթարում մասնակցում էր Աշխարհի ակումբային առաջնությանը և հաղթեց մրցաշարը), այնպես էլ՝ տեղացող առատ ձյունը, ինչի հետևանքով դժվար էր տեղաշարժվելը։
Մյունխենցիներն արթնացան միայն երկրորդ խաղակեսի մեկնարկում. 48-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին մեկ գնդակ հետ բերեց «Բավարիայի» համար։
Սակայն, հաջորդ իսկ գրոհին հյուրերը անսպասելիորեն ևս մեկ գնդակ ուղարկեցին Մանուել Նոյերի դարպասը՝ վերականգնելով երկու գնդակի առավելությունը, իսկ գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Գեբաուերը։
Բաց թողած երկրորդ գոլից հետո մյունխենյան ակումբը գրեթե ողջ կազմով նետվեց առաջ, որպեսզի փրկի հանդիպումը, որը, ի դեպք, «Բավարիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց, քանի որ նախ 57-րդ րոպեին Կորենտեն Տոլիսոն կրճատեց, ապա 70-րդ րոպեին Ալֆոնսո Դևիսը հավասարեցրեց հաշիվը։
Դեռ ավելին՝ 72-րդ րոպեին Ֆլիկի թիմը քիչ մնաց հաշվի մեջ առաջ անցներ, սակայն Լևանդովսկու՝ մոտ տարածությունից կատարած հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց Շտեֆան Օրտեգայի պաշտպանած դարպասում։
Խաղավարտին մոտ էլ մյունխենցիները ճնշում էին գործադրում՝ փորձելով հաղթանակ կորզել, սակայն այդպես էլ չհաջողվեց խփել հաղթական գնդակը, իսկ հանդիպումն ավարտվեց գերգոլառատ 3։3 հաշվով։
Այսպիսով, «Բավարիան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 49 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լայպցիգին» գերազանցելով 5 միավոր։
«Արմինիան» էլ 18 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Ամոս Պիպեր, Աշխարհի ակումբային առաջնություն, Արմինիա, Բավարիա, Բունդեսլիգա, Լայպցիգ, Կորենտեն Տոլիսո, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանուել Նոյեր, Միշել Վլապ, Ռոբերտ-Լևանդովսկի, Քրիստիան Գեբաուեր