Բավարիան կրկին պարտվեց Մյունխենգլադբախի Բորուսիային` ձախողելով տարվա մեկնարկային խաղը🎥

Բավարիան կրկին պարտվեց Մյունխենգլադբախի Բորուսիային` ձախողելով տարվա մեկնարկային խաղը🎥

08/01/2022 - 01:33

Երկշաբաթյա դադարից հետո վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան. 18-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական խաղում «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։

Հանդիպումը ակտիվ էին մեկնարկել մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները և արդեն 18-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Հավելենք, որ լեհ հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 20-րդ գոլը և շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Ադի Հյութերի սաները բավական արագ ուշքի եկան բաց թողած գոլից հետո և ընդամենը 4 րոպեի ընթացքում ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. նախ 27-րդ րոպեին աչքի ընկավ Ֆլորիան Նոյհաուսը, ապա 31-րդ րոպեին` Շտեֆան Լայները։

Առաջին կեսի վերջնամասում տանտերերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Ռոբերտ Լևանդովսկու հարվածից հետո մյունխենգլադբախյան ակումբին փրկեց դարպասաձողը, իսկ Թոմաս Մյուլերի հարվածից հետո գնդակը հեռացրին դատարկ դարպասից։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «Բորուսիայի» առավելության պայմաններում` 2:1 հաշվով։

Հանդիպման երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ Յուլիան Նագելսմանի սաների առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն յուրաքանչյուր անգամ հյուրերին օգնության էր հասնում դարպասապահ Յան Զոմերը, ով այս խաղում կատարեց 7 սեյվ։

Ի վերջո, Մյունխենգլադբախի «Բորուսիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ։

Հավելենք, որ «Բավարիան» այս խաղին մոտեցել էր կադրային լուրջ խնդիրներով. մյունխենյան ակումբի կազմից «Բորուսիայի» դեմ հանդիպումը պատճառներով բաց էին թողնում 14 ֆուտբոլիստներ։

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 22 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական։

«Բավարիան» մնաց 43 միավորով և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։

Վերջում նշենք, որ «Բավարիան» «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ խաղերում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Մյունխենյան ակումբը պարտվել էր նաև 2021 թ. հոկտեմբերի 27-ին կայացած գավաթային խաղում. այդ ժամանակ գրանցվել էր 0:5 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023