Արտետա. «Ամաչում եմ, որ Նյուքասլի գոլը չչեղարկեցին այն առաջնությունում, որն աշխարհում լավագույնն է համարվում»
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։
Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփեց «կաչաղակների» վինգեր Էնթոնի Գորդոնը, որը շատերի կարծիքով չի եղել խաղի կանոնների սահմաններում։
Դարպասի գրավումից հետո հանդիպման գլխավոր մրցավարն ու VAR համակարգի պատասխանատուները քննարկել են միանգամից երեք վիճահարույց դրվագ, սակայն, արդյունքում արձանագրել են այն։
Հանդիպումից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ դարպասի գրավումը պետք է չեղարկվեր.
«Հանդիպումից հետո ես ֆուտբոլիստներին գովեստի խոսքեր ասացի այն բանի համար, թե ինչպես են նրանք խաղացել այս մարզադաշտում նման մրցակցի դեմ։
Հանդիպման արդյունքը շատ պատճառներով պետք է այլ լիներ։ Եթե որևէ թիմ փորձում էր հաղթել, ապա դա «Արսենալն» էր։
Ամաչում եմ, որ «Նյուքասլի» գոլը չչեղարկեցին այն առաջնությունում, որն աշխարհում լավագույնն է համարվում։ Ես 20 տարի է այս երկրում եմ ապրում և առաջին անգամ ամաչում եմ դրա համար։ Սա խայտառակություն է։
Մենք փորձում ենք անհնարինն անել` յուրքանչյուր շաբաթ հանդես գալ ամենաբարձր մակարդակով։
Երբ մենք բավականաչափ լավ տեսք չունենք, ես ինձ վրա եմ վերցնում ողջ պատասխանատվությունը, սակայն, այն, ինչ տեղի ունեցավ, չի համապատասխանում այն մակարդակին, որը պետք է լինի այս առաջնությունում, և այն պայքարին, որը մենք սովոր ենք տեսնել Պրեմիեր լիգայում։
Ամաչում եմ, որ կապ ունեմ այս ամենի հետ»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Էնթոնի Գորդոն, Միկել Արտետա, Նյուքասլ