Սլավիայի հեքիաթը շարունակվում է․ չեխերը դրական արդյունքով են հեռանում Լոնդոնից🎥
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց չեխական «Սլավիա Պրահայի» դեմ։
Առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար էր ընթանում, սակայն լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների գրոհներն ավելի սուր էին և վտանգավոր։
Աչքի ընկնելու լավ պահեր ունեին Բուկայո Սական և Ռոբ Հոլդինգը, սակայն մեկ դրվագում հարվածը շեղ ստացվեց, իսկ մյուս դեպքում՝ «Սլավիային» փրկեց Օնդրժեյ Կոլարժը։
Յնդրժիխ Տրպիշովսկու սաներն առաջին կեսում նույնպես հաշվի մեջ առաջ անցնելու լավ պահ ունեին, սակայն Լուկաշ Պրովոդի հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր ընթացավ։
Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսում դաշտում ավելի ակտիվ պայքար էր ընթանում, որն ուղեկցվում էր փոխնիփոխ գրոհներով։ Կողմերը ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ նրանց ինչ-որ բան չէր հերիքում։
Չնայած այդ ակտիվությանը՝ երկար ժամանակ խփված գոլերի ականատես չէինք լինում, և միայն 86-րդ րոպեին Միկել Արտետայի սաները բացեցին խաղի հաշիվը․ փոխարինման դուրս եկած Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հարվածային դիրք դուրս բերեց Նիկոլա Պեպեին, ով էլ մոտ տարածությունից գրավեց «Սլավիայի» դարպասը՝ հաշիվը դարձնելով 1։0։
Հատկանշական է, որ «զինագործները» գոլի հեղինակ դարձան այս խաղում կատարած իրենց երկրորդ դիպուկ հարվածի շնորհիվ։
Թվում էր՝ չեխական ակումբն ուժ չի ունենա որպեսզի փրկի այս խաղը, սակայն այդ սցենարի հետ «Սլավիայի» ֆուտբոլիստները համաձայն չէին, ովքեր հանդիպման 90+4-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը․ անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Տոմաշ Հոլեշը։
Այսպիսով, «Արսենալը» չկարողացավ տանը հաղթել «Սլավիային»․ գրանցվեց 1։1 հաշվիվը։
Կողմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 15-ին՝ Պրահայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Եվրոպա-լիգա, Յնդրժիխ Տրպիշովսկի, Նիկոլա Պեպե, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Սլավիա Պրահա, Տոմաշ Հոլեշ