Բարսան զրկվեց բոնուսից, որը պետք է ստանար Սուարեսի դիմաց

Բարսան զրկվեց բոնուսից, որը պետք է ստանար Սուարեսի դիմաց

18/03/2021 - 15:21

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին» (առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով) և լքեց մրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, մադրիդյան ակումբի՝ ՉԼ-ն այդքան վաղ փուլում լքելու պատճառով «Բարսելոնան» զրկվեց 2 մլն եվրո բոնուսից, որը նախատեսված էր Լուիս Սուարեսի պայմանագրով։

Ուրուգվայցին կատալոնական ակումբից «մատրասայինների» ճամբար էր տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ 5 մլն եվրոյի դիմաց։ Ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի՝ «Ատլետիկոն» ևս 6 մլն եվրո պետք է վճարեր «Բարսային» բոնուսների տեսքով։

Բոնուսներից 2 միլիոնը «բլաուգրանասը» կստանար, եթե ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» հասներ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/4 եզրափակիչ, սակայն, այնուամենայնիվ, «կապտանռնագույնները» կստանան այդ 2 մլն եվրոն, եթե «Ատլետիկոյին» հաջողվի հաղթահարել ՉԼ-ի քառորդ եզրափակչի շեմը հաջորդ մրցաշրջանում։

Եվս 2 մլն եվրո կատալոնացիներն արդեն ստացել են այն բանից հետո, երբ Սուարեսը Լա լիգայի շրջանակում անցացրեց իր 20-րդ հանդիպումը։

Ընթացիկ մրցաշրջանում «հնդկացիների» կազմում Լուիս Սուարեսը, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 30 հանդիպման, դարձել 18 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հատկանշական է, որ բոլոր արդյունավետ գործողությունները նա գրանցել է ներքին առաջնության շրջանակում։

Հիշեցնենք, որ «Էլ Պիստոլերոյի» և մայրաքաղաքային ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023