Ժիրուն երբեք չի ծերանում․ Տուխելը դաս տվեց Սիմեոնեին🎥

Ժիրուն երբեք չի ծերանում․ Տուխելը դաս տվեց Սիմեոնեին🎥

24/02/2021 - 01:55

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում միմայնց դեմ մրցեցին «Ատլետիկո Մադրիդն» ու «Չելսին»։

Հանդիպումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կայացավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում, այսինքն, չեզոք դաշտում, սակայն հանդիպման տանտերը մադրիդյան ակումբն էր։

Առաջին խաղակեսում «ազնվականներն» ունեին առավելություն, սակայն «Ատլետկոն» անձնուրաց պաշտպանվում էր և իրական գոլային պահեր գրեթե չկային։

Դիգեո Սիմեոնեի թիմը գնդակը զիջել էր մրցակցին և անձնուրաց պաշտպանվում էր՝ սպասելով իր պահին։

Հատկանշական է, որ հանդիպման առաջին դիպուկ հարվածը գրանցվեց միայն 25-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ «Չելսիի» եզրային պաշտպան Մարկոս Ալոնսոն, սակայն Յան Օբլակը փրկեց իր թիմին։

Առաջին կեսում «Ատլետիկոյի» ստեղծած միակ վտանգավոր պահը գրանցվեց խաղասկզբում, երբ Տոմա Լեմարը 14-րդ րոպեին չկարողացավ եզրափակել Լուիս Սուարեսի՝ աջ եզրից կատարած փոխանցումը։ Այդ դրվագում ֆրանսիացի վինգերը պետք է պարզապես դիպչեր գնդակին և այն կհայտնվեր դատարկ դարպասում, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը չկարողացավ դա անել։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսն էլ, կարծես, լիներ առաջինի շարունակությունը․ Թոմաս Տուխելի թիմն ուներ հսկայական առավելություն, ավելի վտանգավոր էին գրոհում հենց «կապույտները», իսկ «հնդկացիները» միայն պաշտպանվում էին և պաշտպանվում։

Ժամանակն անցնում էր, սակայն լոնդոնյան ակումբին չէր հաջողվում օգտագործել իր ունեցած առավելությունը։

Ի վերջո, 71-րդ րոպեին «ազնվականները» բացեցին խաղի հաշիվը․ բազմաքայլ գրոհի արդյունքում գնդակն անդրադարձավ «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Հերմոսոյից և հայտնվեց հարվածային դիրքում գտնվող Օլիվիե Ժիրուի մոտ, ով էլ չհապաղեց և մկրատաձև հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։

Այդ դրվագում հանդիպումը սպասարկող գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը սկզբում չարձանագրեց գոլը, կարծելով, թե ֆրանսիացի հարձակվողը գտնվում է խաղից դուրս վիճակում, սակայն խորհրդակցելով VAR համակարգի սենյակում իր գործընկերների հետ՝ արձանագրեց խփված գնդակը։

«Ատլետիկոն» այսօր անչափ անօգնական տեսք ուներ և ոչինչ չկարողացավ առաջարկել հարձակման գծում։

Հատկանշական է, որ մադրիդյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեց Էդուարդ Մենդիի պաշտպանած դարպասին։ Կատարված բոլոր 6 հարվածներն էլ կա՛մ շեղ էին, կա՛մ էլ փակվել են «Չելսիի» պաշտպանների կողմից

«Թոշակառուները» խփած գոլից հետո ավելի շատ հանգստացրին խաղը, պահեցին այն իրենց ձեռքում՝ հանդիպումը մոտեցնելով իր տրամաբանական ու հաղթական ավարտին։

Այսպիսով, «Չելսին» դասագրքային հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ և պատասխան խաղից առաջ ստացավ լուրջ առավելություն։

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023