Տարվա fair-play-ը․ Բելոտին մրցավարին խնդրեց չեղարկել կանոնների խախտումն ու մրցակցի դեղին քարտը🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» ու «Տորինոն» ֆուտբոլային ներկայացում էին պատրաստել՝ խաղն ավարտելով 3։3 հաշվով։
Հանդիպման ընթացքում թուրինյան ակումբը պարտվում էր 0։3 հաշվով, սակայն հաջողվեց հետ բերել կորցրածը։ Այդ հանդիպման ամենաուշագրավ դրվագը ոչ թե բուն հաշիվն էր, այլ «Տորինոյի» ավագ Անդրեա Բելոտիի գեղեցիկ քայլը։
Հանդիպման 33-րդ րոպեին, երբ «Տորինոն» դեռևս պարտվում էր 0։3 հաշվով, Բելոտին բախվեց «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Քրիստան Ռոմերոյին և ընկավ։ Հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանչեսկո Ֆրունոն էլ կանոնների խախտում արձանագրեց, իսկ Ռոմերոյին պատժեց դեղին քարտով։
Անդրեա Բելոտին էլ նպաստավոր դիրքում տուգանային հարված իրացնելու փոխարեն մրցավարին խնդրեց չեղարկել ինչպես կանոնների խախտումը, այնպես էլ Ռոմերոյի դեղին քարտը։
Հետաքրքրական է, որ այդ դրվագից հետո, կարծես թե, ճակատագիրը վարձահատույց եղավ Բելոտիին, քանի որ հանդիպման 42-րդ րոպեին իտալացի հարձակվողը մեկ գնդակ հետ բերեց իր թիմի համար, իսկ հետագայում նրա թիմակիցները շարունակեցին գործը՝ փրկելով «Տորինոյին» պարտությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Բելոտի, Ատալանտա, Տորինո, Քրիստիան Ռոմերո