ՖԻՖԱ-ն ԱԱ-2022-ի ժամանակ խաղից դուրս իրավիճակի արձանագրման նոր համակարգ կկիրառի
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ կկիրառվի խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ։
12 տեսախցիկները, որոնք տեղադրվելու են մարզադաշտերի տանիքներում, հետևելու են գնդակի բոլոր տեղարաժերը և յուրաքանչյուր ֆուտբոլիստի մարմնի 29 տարբեր մասերը, որոնք կարող են հայտնվել խաղից դուրս իրավիճակում։
Հաղորդվում է,որ աշխարհի առաջնության ժամանակ կիրառվելիք գնդակների մեջ էլ տեղադրվելու են հատուկ ցուցիչներ։
Նոր տեխնոլոգիայի շնորհիվ` մրցավարների տեսաօգնականները ավտոմատ կերպով ծանուցում կստանան այն մասին, որ որևէ խաղացող խաղից դուրս վիճակում է։
Դրանից հետո VAR համակարգի պատասխանատուն կստուգի դրվագը և իրավիճակը կզեկուցի գլխավոր մրցավարին: Որոշման հաստատումից հետո մարզադաշտում և հեռարձակման ժամանակ կցուցադրվի 3D անիմացիա՝ գծելով խաղից դուրս իրավիճակի գիծը։
ՖԻՖԱ-ն հաստատում է, որ այժմ խաղից դուրս իրավիճակի արձանագրումը կտևի ընդամենը մի քանի վայրկյան։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Խաղից դուրս, Մունդիալ-2022, Քաթար-2022, ՖԻՖԱ