Ռոման մտադիր է աստղային ֆուտբոլիստ ձեռք բերել

Ռոման մտադիր է աստղային ֆուտբոլիստ ձեռք բերել

28/05/2022 - 18:51

Ինչպես տեղեկացնում է Il Messaggero-ն, «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը Կոնֆերենցիաների լիգան հաղթելուց հետո մտադիր է գնել աստղային ֆուտբոլիստի ու այդ կերպ պարգևատրել ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին։

Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերի» շարքերը, հնարավոր է, համալրի կա՛մ Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») կա՛մ էլ Պաուլո Դիբալան («Յուվենտուս»)։

Հաղորդվում է, որ Ռոնալդուի հավանական տրանսֆերին կարող է խթանել այն հանգամանքը, որ պորտուգալացի ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդում» հանդես գալու տարիներին արդեն աշխատել է Ժոզե Մոուրինիոյի հետ (2010-13 թթ.)։

Բացի դրանից, պորտուգալացի ֆուտբոլիստն Ա սերիայում խաղալու փորձ ունի և 2018-21 թթ. հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում։

Հաղորդվում է, որ եթե «ջալոռոսիներին», ամեն դեպքում, հաջողվի պայմանագիր կնքել 37-ամյա հարձակվողի հետ, դա կնշանակի, որ հռոմեական ակումբն ինչպես ֆինանսական, այնպես էլ մարզական տեսանկյունից շարժվում է ճիշտ ուղղությամբ։

Այդուհանդերձ, Ռոնալդուի բարձր աշխատավարձն ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը կարող են լուրջ խոչընդոտ դառնալ «Ռոմայի» համար։

Պաուլո Դիբալայի տրանսֆերը ֆինանսական տեսանկյունից իրականացնելն ավելի հեշտ է, քան Ռոնալդուինը, սակայն արգենտինացի հարձակվողի տրանսֆերի հարցում էլ մրցակիցներից առաջ է անցել «Ինտերը»։

Հիշեցնենք, որ Դիբալան ս/թ հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ և հեռանալու է «Յուվենտուսից» ու արդեն հրաժեշտ է տվել թուրինյան ակումբի երկրպագուներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022