Ռոմայի երկրպագուները հետապնդել են Ձանիոլոյին և մահվան սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ծանր օրեր է ապրում։
Ինչպես տեղեկացնում է Rai Sport-ը, իտալական Ա սերիայի 20-րդ տուրում կայացած «Նապոլի» – «Ռոմա (2:1) հանդիպումից հետո «գայլերի» մի շարք երկրպագուներ սկսել են հետապնդել 23-ամյա կիսապաշտպանի մեքենան և նրա հասցեին հնչեցրել մահվան սպառնալիքներ ու տարբեր վիրավորանքներ։
Ձանիոլոն, ով «Ռոմայի» ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով բաց է թողել այդ հանդիպումը և մնացել Հռոմում, ստիպված է եղել ոստիկանություն կանչել, ինչից հետո էլ իրավապահ մարմինները հարթել են ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ հռոմեական ակումբը ցանկանում է վաճառել Ձանիոլոյին։ Նրա տրանսֆերն իրականացնելուն ամենամոտն անգլիական «Բորնմութն» է, որը գործարքի հարցում համաձայնության է հասել «Ռոմայի» հետ (30+5 մլն եվրո և 10% մասնաբաժին ֆուտբոլիստի հետագա վաճառքից), սակայն, ինքը` Ձանիոլոն, չի ցանկանում համալրել «բալերի» շարքերը։
Այդ ամենի հետևանքով հռոմեական ակումբի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել Ձանիոլոյին. կա՛մ նա պետք է ընդունի «Բորնմութի» առաջարկը կա՛մ էլ մինչև «ջալոռոսիների» հետ գործող պայմանագրի ավարտը հեռացվում է թիմից ու չի մասնակցում հանդիպումներին։
Նշենք, որ կան տեղեկություններ նաև, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրն իտալացի կիսապաշտանն, ամեն դեպքում, մտադիր է ընդունել «Բորնմութի» առաջարկը։
Վերջում ավելացնենք, որ «Ռոմայի» ու 23-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բորնմութ, Նապոլի, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա, տրանսֆերներ