Բարսան ու Ռեալը հետաքրքրված են Լայպցիգի պաշտպանի ծառայություններով
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն հայտնվել է իսպանական երկու գրանդների՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է As-ը, «Մադրիդն» արդեն մեկ տարի է, ինչ հետևում է ֆրանսիացու խաղին։ Ակումբը պատրաստ էր գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, սակայն նա վնասվածք ստացավ, որի պատճառով «ցլերի» կազմում բաց թողեց 37 հանդիպում։
Միևնույն ժամանակ, «Բարսելոնայում» կարծում են, որ Կոնատեն կարող է դառնալ այն ֆուտբոլիստը, ով կլուծի պաշտպանության կենտրոնում առկա խնդիրները։
Աղբյուրը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար հարկ կլինի գերմանական ակումբին վճարել 25-30 մլն եվրո։
Հաղորդվում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Կոնատեի տաղանդի երկրպագուն է։ Ֆրանսիացի մասնագետը տպավորված է ֆուտբոլիստի ֆիզիկական տվյալներով և համարում է նրան Ռաֆայել Վարանին փոխարինելու լավագույն տարբերակն այն դեպքում, եթե վերջինս որոշի հեռանալ «արքայական» ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնատեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Արսենալը»։
Հայտնի է, որ իսպանական երկու գրանդները հետաքրքրված էին «Լայպցիգի» մյուս կենտրոնական պաշտպանի՝ Դայո Ուպամեկանոյի ծառայություններով, սակայն ֆրանսիացին նախընտրեց «Բավարիան»։
Ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Իբրահիմ Կոնատեն մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բունդեսլիգա, Իբրահիմ Կոնատե, Լա լիգա, Լայպցիգ, Ռեալ Մադրիդ