Հյուսիսային Լոնդոնի տերը «զինագործներն» են 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ մրցեցին մայրաքաղաքային երկու ակումբները՝ «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, որոնք մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ կազմակերպեցին՝ սպառնալով մրցակցին դարպասի գրավմամբ։
19-րդ րոպեին Էմիլ Սմիթ-Ռոուի հարվածից հետո Ուգո Լյորիսին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։ Այս դրվագից հետո «զինագործները» շարունակում էին տիրել նախաձեռնությանը, սակայն 33-րդ րոպեին անակնկալ գոլ ընդունեցին սեփական դարպասը։ «Շնաձկների» կազմում չափազանց գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան՝ բացելով հանդիպման հաշիվը։
Ընդունած գնդակը չընկճեց Միկել Արտետայի տղաներին, ովքեր նախքան ընդմիջման գնալը հավասարեցրին հաշիվը․ 44-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը։
Վերլուծելով առաջին կեսը՝ պետք է նշալ, որ այն անցավ «Արսենալի» բացահայտ առավելությամբ, որը տիրում էր գնդակին 57%, կատարեց 10 հարված, որից միայն մեկն էր դիպուկ և այն էլ գոլային ստացվեց, իսկ Ժոզե Մոուրինիոյի սաներն ընդամենը կատարեցին մեկ հարված, այդ դիպուկ էր և կրկին արդյունավետ։
Երկրորդ խաղակեսը նույնպես մեկնարկեց «Արսենալի» շոշափելի առավելությամբ, որի ֆուտբոլիստները հանդիպման 64-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, քանի որ մինչ այդ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էին հյուրերը։ Նշակետին մոտեցավ Ալեքսանդր Լակազետը և դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին՝ դարձնելով հաշիվը 2։1։
Հանդիպման 76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Տոտենհեմի» միակ գոլի հեղինակ Լամելան՝ թողնելով իր թիմին ծանր կացության մեջ։
10 հոգով մնացած հյուրերը փորձեր կատարեցին խաղը փրկելու և մեկ միավոր վաստակելու և 83-րդ րոպեին Հարի Քեյնի գոլի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը, սակայն գոլը չեղարկվեց․ անգլիացին խաղից դուրս վիճակում էր։
Այսպիսով, «Արսենալը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և 3 միավոր վաստակեց սկզբունքային մրցակցի դեմ խաղում։
«Զինագործները» 28 հանդիպումներից հետո վաստակեցին 41 միավոր և զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
«Տոտենհեմը» մնաց նախապես վաստակած 45 միավորով, որին համապատասխանում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Լակազետ, ԱՊԼ, Արսենալ, Էմիլ Սմիթ-Ռոու, Էրիկ Լամելա, Ժոզե Մոուրինիո, Միկել Արտետա, Տոտենհեմ