ՊՍԺ – Ռեալ Մադրիդ. դիմակայության պատմությունն ու լավագույն ռմբարկուները
Այսօր` փետրվարի 15-ին, կվերսկսվի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը։
Մրցաշարին մասնակցող ակումբները հենց սկզբից ֆուտբոլասերներին թոփ հանդիպում կպարգևեն. 1/8 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ-ն ու «Ռեալ Մադրիդը»։
Այժմ կներկայացնենք այս դիմակայության պատմությունը։
Միմյանց դեմ անցկացրած հանդիպումները
ՊՍԺ-ն ու «Ռեալը» միմյանց դեմ բախվել են 10 անգամ։ «Արքայական» ակումբն այդ ընթացքում տոնել է 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, ևս 3 խաղում էլ հաղթել է «Փարիզը»։
Կողմերի միջև առաջին հանդիպումը կայացել է հեռավոր 1992/93 մրցաշրջանում։ ՈՒԵՖԱ-ի գավաթի (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգա) 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալը» հաղթեց 3:1 հաշվով, սակայն պատասխան խաղում փարիզյան ակումբը ռևանշի հասավ ու հաղթեց 4:1 հաշվով` նվաճելով մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հաջորդ` 1993/94 մրցշրջանում ՊՍԺ-ն ու «Ռեալը» մրցեցին արդեն Գավաթակիրների գավաթի 1/4 եզրափակիչում ու երկու խաղերի արդյունքում կրկին հաղթեց «Փարիզը»։
Դիմակայության առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» Ջորջ Վեայի խփած միակ գոլի շնորհիվ հյուրընկալվելիս հաղթեց 1:0 հաշվով, իսկ պատասխան խաղում գրանցվեց 1:1 հաշիվը։
Գավաթակիրների գավաթի շրջանակում միմյանց դեմ մրցելուց հետո «Ռեալն» ու ՊՍԺ-ն հաջորդ դիմակայությանը ստիպված էին սպասել ավելի քան 21 տարի։
Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խմբային փուլում ակումբներն ընդգրկված էին նույն խմբում։
Փարիզում կայացած խաղում «Պարկ դե-Պրենս» մարզադաշտում հավաքված երկրպագուներն այդպես էլ գոլեր չտեսան, իսկ Մադրիդում «Ռեալը» հաղթեց 1:0 հաշվով. վճռորոշ դարձավ Նաչոյի խփած գոլը։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի շրջանակում «Ռեալն» ու ՊՍԺ-ն առաջին անգամ մրցեցին 2017/18 մրցաշրջանում, երբ մադրիդյան ակումբը Զինեդին Զիդանի գլխավորությամբ հիասքանչ ֆուտբոլ էր ցուցադրում մրցաշարի վճռորոշ փուլերում։
«Սերուցքայիններն» այդ ժամանակ ոչ մի շանս չտվեցին մրցակցին` հաղթելով դիմակայության երկու խաղերում էլ. գրանցվեց ընդհանուր 5:2 հաշիվը (3:1 ու 2:1)։
Կողմերի միջև վերջին հանդիպումները կայացել են 2019/20 մրցաշրջանում, երբ ակումբները ՉԼ խմբային փուլում կրկին հայտնվեցին նույն խմբում։
Փարիզում ՊՍԺ-ն 3:0 հաշվով ջախջախեց մրցակցին, իսկ պատասխան խաղում «Ռեալը» Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն խաղավերջում մադրիդյան ակումբի պաշտպանների անփույթ խաղի պատճառով 81-րդ ու 83-րդ րոպեներին համապատասխանաբար Կիլիան Մբապեն ու Պաբլո Սարաբիան դարձան գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Նշենք, որ 10 խաղերում կողմերը միասին խփել են 27 գոլ, որոնցից 14-ը «Ռեալը», իսկ 13-ը` ՊՍԺ-ն։
Դիմակայության լավագույն ռմբարկուները
1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ») – 3 գոլ
2-5. Էմիլիո Բուտրագենիո («Ռեալ Մադրիդ») – 2 գոլ
2.5. Ջորջ Վեա (ՊՍԺ) – 2 գոլ
2.5 Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ») – 2 գոլ
2.5. Դավիդ Ժինոլա (ՊՍԺ) – 2 գոլ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գավաթակիրների գավաթ, Դավիդ Ժինոլա, Զինեդին-Զիդան, Էմիլիո Բուտրագենիո, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Նաչո, ՈՒԵՖԱ-ի գավաթ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջորջ Վեա, Ռեալ Մադրիդ