Պապիկյան. «Աշխատելու ենք  զարգացնել հայկական ֆուտբոլն ու նոր հորիզոններ բացել հայ ֆուտբոլիստների համար»

Պապիկյան. «Աշխատելու ենք զարգացնել հայկական ֆուտբոլն ու նոր հորիզոններ բացել հայ ֆուտբոլիստների համար»

17/09/2021 - 22:01

Հայկական ֆուտբոլում գրեթե չկա այնպիսի մարդ, ով չճանաչի Վոլոդյա և Աղվան Պապիկյան եղբայրներին։

Եղբայրներից ավագը` Վոլոդյան, ոտքի չարաբաստիկ կոտրվածքի պատճառով մի քանի անգամ ենթարկվել է վիրահատության, սակայն, ցավոք, ընդամենը 23 տարեկան հասակում ավարտել է կարիերան, քանի որ բժիշկները նրան չեն թողնում դաշտ դուրս գալ։

Այժմ Վոլոդյա Պապիկյանը ֆուտբոլային գործակալ է և տևական ժամանակ է հիմնադրել է «Papikyan International Agency»-ն ու գործունեություն է ծավալում ոչ միայն հայկական, այլև լեհական ֆուտբոլում։

Ինչպես հասկացաք, Interfootball-ի թղթակցի զրուցակիցն այս անգամ նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ֆուտբոլային գործակալ Վոլոդյա Պապիկյանն է։

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ գործակալ։ Ի՞նչը ձեզ մոտիվացրեց։

– Երբ վնասվածքների պատճառով ավարտեցի կարիերաս, որոշեցի մնալ ֆուտբոլում, և այս աշխատանքն ինձ համար նոր մոտիվացիա էր ։

Որպես գործակալ՝ ֆուտբոլիստի ո՞ր հատկանիշներն ու որակներն եք ամենաշատը գնահատում։ Ի՞նչը կարող է դառնալ պատճառ, որ դադարեցնեք համագործակցությունը այս կամ այն խաղացողի հետ։

– Ֆուտբոլիստները տարբեր են ու պետք է նրանց անհատական մոտեցում ցուցաբերես` կախված խաղաոճից և խաղային դիրքից։ Պետք է հետևել ֆուտբոլիստի խաղին առանց գնդակի տեղաշարժերի ժամանակ, գնդակը վարելիս։ Պետք է չանտեսես նաև խաղադաշտում ճիշտ տեղ գրավելու տաղանդը։ Տակտիկապես նրա պատրաստվածությունը երևում է այս ասպեկտներում։ Դժվար է ասել՝ ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ իմ և ֆուտբոլիստի միջև հարաբերությունները վատանան։

Ի՞նչ գերնպատակ է հետապնդում «Papikyan Inernational Agency»-ն։ Մի փոքր պատմեք ձեր գործունեությունից և ծրագրերից ։

– Նոր ծրագրեր ու նպատակներ ունենք հիմա, որոնք մենք հետզհետե կյանքի ենք կոչելու։ Իհարկե, աշխատելու ենք նաև զարգացնել հայկական ֆուտբոլը ու նոր հորիզոններ բացել հայ ֆուտբոլիստների համար դեպի ավելի բարձր առաջնություններ։

Ինչպե՞ս գտաք և բացահայտեցիք «Ալաշկերտի» հարձակվող Ժոզե Էմբալոյին։ Ինչպե՞ս հաջողվեց համոզել «Ալաշկերտին» վերցնել հարձակվող Լեհաստանի երրորդ դիվիզիոնից։

Ժոզեին վաղուց գիտեի, քանի որ նա ժամանակին եղբորս` Աղվան Պապիկյանի հետ միասին հանդես էր գալիս «Ռակուվ Չենստոխովայի» կազմում։

Վերջերս, երբ Էմբալոն արդեն հանդես էր գալիս «Օլիմպիա Գրուդզյոնձ» ակումբում, ես հաճախ այցելում էի մարզադաշտ, քանի որ այդ թիմի սեփականատերերի հետ շատ մտերիմ եմ։ Այդտեղ էլ նրա խաղն ինձ տպավորեց և սկսեցի գալ այն համոզման, որ նա կարող է ավելին անել։ 2021 թ. մարտին կայացրինք որոշում համագործակցելու և կնքեցինք պայմանագիր։

Էմբալոյի համար ամռանն առաջարկների պակաս չկար։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին լեհական մի շարք թիմեր և մեր «Ալաշկերտը»։ Միասին քննարկեցինք և որոշեցինք, որ «Ալաշկերտը» լավագույն տարբերակն է։ «Ալաշկերտին » տվեցինք մեր համաձայնությունը, ինչից հետո էլ տրանսֆերը կայացավ։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգային ո՞ր ազգի կամ ֆուտբոլային մշակույթի ներկայացուցիչներն են ավելի համապատասխանում։

– Ֆուտբոլային մշակույթն ու ազգությունը կապ չունեն։ Այս հրաշք սպորտաձևը բոլորի համար է։

Ի՞նչ պլաններ կան` կապված ձմեռային տրանսֆերային պատուհանի հետ ։ Սպասե՞նք նոր թաքնված տաղանդներ Լեհաստանից։

– Ինչպես ցանկացած գործակալ, ես նույնպես պատրաստվում եմ ձմեռային տրանսֆերային պատուհանին, սակայն դժվար է որևէ բան ասել, քանի որ դեռ շատ վաղ է խոսել այդ մասին։

Ձեր կարծիքով՝ մրցաշրջանի վերջում ի՞նչ տեսք կունենա VBET ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Ըստ ձեզ` ո՞ր ակումբները կզբաղեցնեն մրցանակային տեղերը։

Շատ բարդ է ասել ։ Հայաստանի Պրեմիեր լիգան դեռ նոր է մեկնարկել, իսկ մեր երկրում թիմերը իրենց արդյունքներով միշտ խիտ են դասավորվում մրցաշարային աղյուսակում։ Այստեղ պայքարը հավասար է ընթանում, և ցանկացած թիմ կարող է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Իրատեսակա՞ն եք համարում «Ալաշկերտի»` Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլից դուրս գալը գոնե 1/16 եզրափակիչ։

– Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Հեռու չգնանք. «Մանչեսթեր Յունայթեդի» աստղաբույլը օրեր առաջ զիջեց կարգով մի քանի անգամ ցածր «Յանգ Բոյսին», ՊՍԺ-ն, որի հարձակման գծում հանդես են գալիս Նեյմարը, Մեսսին և Մբապպեն, ոչ-ոքի խաղաց «Բրյուգեի» դեմ։ Հենց սա է հետաքրքրությունն այս սպորտաձևի, որը մենք այդքան սիրում ենք։ Ուզում եմ` «Ալաշկերտը» մեզ հաճելի անակնկալ մատուցի ու ի սրտե մաղթում եմ լավ մրցելույթներ մեր տղաներին։

Եվրոպական թոփ առաջնություններից ո՞ր ակումբին եք երկրապագում։ Ֆուտբոլիստ եղած ժամանակ ո՞ր ակումբում եք երազել խաղալ։

– Ես ամբողջ կյանքում երկրպագել եմ «Բարսելոնային»։

Interfootball-ի «Լեգենդներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հայկ Զաքարյանը` Մոգը, նույնպես գործակալ է։
Ի՞նչ կասեք Հայկի մասին, ինչպե՞ս կգնահատեք նրա աշխատանքը
։

– Հայկը շատ լավ տղա է. ես նրան ճանաչում եմ։ Հայկին հաջողություն եմ մաղթում։ Գործակալների իրական գնահատականը տալիս են ֆուտբոլիստները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023