Չելսին ևս երկու տրանսֆերի ուղղությամբ է աշխատում
«Չելսին» չի պատրաստվում կանգ առնել տրանսֆերային շուկայում։ Լոնդոնյան ակումբը մտադիր է ամրապնդել ևս երկու դիրք։ Խոսքը հենակետային կիսապաշտանի և դարպասապահի դիրքերի մասին է։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «ազնվականները» Դեկլան Ռայսի տարնսֆերի հարցում բանակցում են «Վեսթ Հեմի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապույտները» խաղացողի դիմաց առաջարկել են 44 մլն եվրո, և եթե կողմերը համաձայնության հասնեն, ապա 21-ամյա անգլացի ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։
Ինչ վերաբերվում է նոր դարպասապահին, ապա, ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսին» մոտ է ֆրանսիական «Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդիին ձեռք բերելուն։ 28-ամյա դարպասապահն ու լոնդոնյան ակումբն անձնական պայմանագրի կետերն արդեն համաձայնեցրել են։ Խաղացողի տեղափոխության վերաբերյալ վերջին խոսքը պետք է ասի «Ռենի» նախագահը։ Մենդին նույնպես ցանկանում է լքել ներկայիս ակումբը և միանալ «Չելսիին»
Ըստ Ռոմանոյի տեղեկությունների՝ «թոշակառուները» ֆրանսիական ակումբին նոր առաջարկ են կատարել, ինչը գոհացրել է «Ռենի» ղեկավարությանը, և երկու ակումբներն էլ այժմ հուսով են, որ գործարքը մոտակա մի քանի օրում ավարտին կհասցվի։
Հաղորդվում է, որ Էդուարդ Մենդիի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո, «Չելսիին» կկենտրոնանա Դեկլան Ռայսի տեղափոխության վրա։
Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «ազնվականներն» արդեն 6 նոր ֆուտբոլիստի են ձեռք բերել։ Ակումբի շարքերը համալրել են Հակիմ Զիեշը, Տիմո Վերները, Կայ Հավերցը, Բեն Չիլվելը, Տիագո Սիլվան և Մալանգ Սարը։
# Դեկլան-Ռայս, Էդուարդ Մենդի, Նիկոլո Սկիրա, Չելսի, Ռեն, Վեսթ Հեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո