Նախկին մրցավար. «2009 թ. դաշտից հեռացրի Ռոնալդուին և այդ մրցաշրջանում այլևս չսպասարկեցի Ռեալի հանդիպումները»
Իսպանացի նախկին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը պատմել է, որ ժամանակին իրեն զրկել են «Ռեալ Մադրիդի» խաղերը սպասարկելու հնարավորությունից` Կրիշտիանու Ռոնալդուին դաշտից հեռացնելու պատճառով.
«Բարձրակարգ ակումբների հանդիպումների սպասարկումը, ինչպիսիք են «Բարսան», «Ռեալը» կամ «Ատլետիկոն», նույնը չէ, ինչ քո շրջանի տարածքում գտնվող թիմի խաղերում աշխատելը: Եթե որևէ սխալ եք թույլ տալիս, մրցավարական հանձնաժողովը, միամշանակ, պատժամիջոցներ է կիրառում ձեր դեմ։
Ավելին` սխալի դեպքում այլևս չես սպասարկի թոփ ակումբի մասնակցությամբ հանդիպում։ Այս ամենն ասում եմ իմ օրինակով, քանի որ 2009 թ. դաշտից հեռացրի Կրիշտիանու Ռոնալդուին և այդ մրցաշրջանում այլևս չսպասարկեցի «Ռեալի» հանդիպումները։
Մենք գիտենք, որ ԶԼՄ-ների կողմից ճնշում կա, և որ նման խաղերում որոշումներ կայացնելիս պետք է զգույշ լինենք»,- 47-ամյա մրցավարի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Էստրադա Ֆերնանդեսը Ռոնալդուին այդ կարմիր քարտը ցույց է տվել 2009 թ. դեկտեմբերի 5-ին կայացած «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» (4:2) խաղում` պորտուգալացի ֆուտբոլիստին 84-րդ և 87-րդ րոպեներին պատժելով դեղին քարտով։
Հավելենք, որ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը պրոֆեսիոնալ մակարդակով հանդիպումներ սպասարկել է 2005-2021 թթ.։
Էստրադա Ֆերնանդեսը մրցավարական կարիերայի ընթացքում սպասարկել է 398 հանդիպում, որոնց ընթացքում ցույց է տվել 2111 դեղին, 111 կարմիր քարտ, 108 անգամ էլ նշանակել է 11-մետրանոց։
Վերջում ավելացնենք, որ Էստրադա Ֆերնանդեսը 2019 թ. ժամանել է նաև Հայաստան` մայիսի 24-ին սպասարկելով Բարձրագույն խմբի «Արարատ-Արմենիա» – «Արցախն (խմբ.` ներկայիս «Նոա») հանդիպումը (2:0)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալմերիա, Արարատ-Արմենիա, Արցախ, Բարձրագույն-խումբ, Լա-լիգա, Խավիեր Էստրադա Ֆերնանդես, Կրիշտիանու-Ռոնալդու, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, Նոա, Ռեալ Մադրիդ