Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Այդ մասին նա հայտարարեց ազգային հավաքականի մյուս նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանի հաղորդման ժամանակ հեռավար կապի միջոցով։
33-ամյա մարզիկը վստահեցրել է, որ ապագայում պլանավորում է ֆուտբոլի հետ կապված գործունեություն ծավալել, սակայն ոչ որպես մարզիչ։
Յուրա Մովսիսյանն իր ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սպորտինգ Կանզաս-Սիթի» (ԱՄՆ, 2006-2008թթ․), «Սոլթ-Լեյք Սիթի» (2008-2010թթ․, 2016-2018թթ․), «Ռանդերսի» (Դանիա, 2010-2011թթ․), «Կրասնոդարի» (2011-2013թթ․), «Սպարտակ Մոսկվայի» (2013-2016 թթ․), «Յուրգորդենի» (Շվեդիա, 2018թ․ մարտ-հունիս), «Չիկագո Ֆայրի» (2018թ․ սեպտեմբեր – 2019թ․ հունվար) կազմերում։ Հայազգի հարձակվողը 2019 թվականի հունվարից մինչ օրս գտվնում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Մովսիսյանը ակումբային կարիերայի ընթացքում մասնակցել է 314 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 108 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։ Արդեն նախկին ֆուտբոլիստը «Սոլթ-Լեյք Սիթիի» կազմում 2008/09 մրցաշրջանում դարձել է ՄԼՍ-ի չեմպիոն, իսկ 2018թ․ «Յուրգորդենի» հետ նվաճել է Շվեդիայի գավաթը։
Ինչ վերաբերվում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա հավաքականի կազմում Յուրա Մովսիսյանն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2010 թվականի օգոստոսի 11-ին, երբ մեր ընտրանին սեփական հարկի տակ ընկերական հանդիպման շրջանակում 1։3 հաշվով զիջեց Իրանի հավաքականին։։ Այդ պահից սկսած նա հավքականում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
# Էդգար Մանուչարյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՄԼՍ, Յուրա Մովսիսյան, Յուրգորդեն, Շվեդիայի գավաթ, Չիկագո Ֆայր, Ռանդերս, Սոլթ-Լեյք Սիթի, Սպարտա-Մոսկվա, Սպարտակ, Սպորտինգ Կանզաս-Սիթի, Վարդան Մինասյան