Մյոնխենգլադբախի Բորուսիայի սանը տեղափոխվել է Ալաշկերտ

Մյոնխենգլադբախի Բորուսիայի սանը տեղափոխվել է Ալաշկերտ

05/03/2019 - 23:59

«Ալաշկերտը» վերջին ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Երևանյան ակումբը հայտնում է, որ պայմանագիր է ստորագրել Ֆրանսիան ներկայացնող իվուարցի կիսապաշտպան Ջոել Դամահուի հետ:

Փորձառու ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է, երկու մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբի երկրորդ թիմում:

Այնուհետև Դամահուն խաղացել է Իսրայելի «Բնեի Սահնին» և «Մաքաբի» (Հայֆա) թիմերում, հունգարական «Դեբրեցենում», ֆրանսիական «Տուրում», Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսում» և «Նեա Սալամիսում», հունական «Տրիկալայում», Քուվեյթի «Ալ Արաբիում»:

«Նեա Սալամիսում» Ջոելը հանդիսացել է «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի թիմակիցը:

«Ալաշկերտի» նորեկի նախորդ ակումբը Իսրայելի «Հապոել Ակրե»-ն էր, որի կազմում նա 17 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում:

Ջոել Դամահուն արդեն միացել է «Ալաշկերտին» և իր առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում, որից հետո կիսվել է իր տպավորություններով և պատմել է նպատակների մասին.

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ալաշկերտին»: Վերջին շրջանում հանդես էի գալիս Իսրայելում, սակայն ցանկություն ունեի ուժերս փորձել ավելի պատվախնդիր և բարձր նպատակներ հետապնդող թիմում:

Արդեն ծանոթացել եմ ակումբի ղեկավարության, մարզչական շտաբի, թիմակիցների և անձնակազմի հետ: Ինձ շատ ջերմ են ընդունել այստեղ, հիանալի տպավորություններ ունեմ: Բացի այդ, այստեղ է հանդես գալիս նաև իմ նախկին ակումբակից Տարոն Ոսկանյանը:

«Ալաշկերտում» իմ նպատակներն ավելի քան պարզ են. Չեմպիոնություն և հաջող ելույթներ եվրագավաթներում: Երկրպագուներին հրավիրում եմ մարզադաշտ` միասին նոր հաղթանակներ կերտելու»,- նշել է Դամահուն:

«Ալաշկերտը» նաև նորեկի մասին տեսանյութ պատրաստել.

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022