Մխիթարյան. «Վստահ եմ, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 16-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացել է Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվեց B դիվիզիոնի 1-ին խմբում և կմրցի Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի ընտրանիների դեմ։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին.
«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,- նշել է Մխիթարյանը։
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա