Մբապեն գերազանցել է Պելեի, Էյսեբիոյի և Գերդ Մյուլլերի տպավորիչ ռեկորդները
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիան 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանին։
Հանդիպման հերոս դարձավ «եռագույնների» հարձակվող Կիլիան Մբապեն, ով խփեց երկու գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցում։
23-ամյա ֆուտբոլիստն աշխարհի առաջնությունների շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրել է 9-ի։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Մբապեն դարձել է մունդիալների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մրցաշարի շրջանակում խփել է 8 և ավելի գոլ։
Լեհաստանի դեմ կայացած հանդիպման օրը Մբապեն եղել է 23 տարեկան և 349 օրական։
Այդ ցուցանիշով Մբապեն գերազանցել է պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոյին, ով 1966 թ. իր 8-րդ գոլը խփել է 24 տարեկան և 182 օրական հասակում։
Մբապեն գերազանցել է նաև Պելեի տպավորիչ ռեկորդը` դառնալով աշխարհի առաջնությունների շրջանակում մինչև 24 տարեկանն ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Պելեն նախքան 24 տարեկանը խփել է 7, իսկ ֆրանսիացի գոլահարն` արդեն 9 գոլ։
Բացի դրանից, ինչպես հայտնում է իսպանացի հայտնի լրագրող Ալեքսիս Մարտինը, Մբապեն դարձել է մունդիալների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ներգրավվածություն է ունեցել իր հավաքականի խփված 11 գոլերում (9 գոլ + 2 գոլային փոխանցում)։
Այդ ցուցանիշով 23-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Գերմանիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Գերդ Մյուլլերին, ով 1970 թ. նման արդյունքի հասել է 24 տարեկան և 226 օրական հասակում։
Հավելենք, որ Կիլիան Մբապեն ընթացիկ ԱԱ-ի շրջանակում խփել է արդեն 5 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գերդ Մյուլլեր, Էյսեբիո, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Պելե, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական