Մայկոնը մոտ է իտալական ֆուտբոլ վերադառանալուն
«Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մայկոնը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իտալական ֆուտբոլ։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրարգող Ֆաբրիցիո Ռոմանոն, 39-ամյա ֆուտբոլիստը հունվարի 8-ին՝ վաղ առավոտյան, Բրազիլիայից մեկնել է Իտալիա, որպեսզի պայմանագիր կնքի իտալական Դ սերիան (խմբ․՝ Իտալիայի նշանակությամբ 4-րդ դիվիզիոնը) «Սոնա Կալչիո» ակումբի հետ։
Transfermarkt-ի տեղեկություններով էլ բրազիլացի ֆուտբոլիստը դեռևս հունվարի 4-ին է պայամանագիր կնքել ակումբի հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
«Սոնա Կալչիոն» հանդես է գալիս Դ սերիայի B խմբում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 հանդիպումներից հետո վաստակած 14 միավորով 18 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Մայկոնի վերջին ակումբը եղել է բրազիլական Ց սերիան ներկայացնող «Վիլա Նովան», որը մարզում է Մայկոնի նախկին խաղընկեր, «Ռոմայի» ու «Ինտերի» նախկին վինգեր Ամանտինո Մանսինին, որտեղ նա հանդես է եկել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021-ի հունվար, իսկ ակումբի կազմում անցկացրել է 8 հանդիպում։
Մայկոնն առավել հայտնի է «Ինտերում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2006-2012 թթ, իսկ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 249 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։ Մայկոնը միլանյան ակումբի հետ նվաճել է 11 տիտղոս, այդ թվում՝ 2010 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Բացի «Ինտերից» ու «Վիլա Նովայից», աջ պաշտպանը հանդես է եկել նաև «Կրուզեյրոյում» (2001-2004 թթ․), «Մոնակոյում» (2004-2006 թթ․), «Մանչեսթեր Սիթիում» (2012-2013 թթ․), «Ռոմայում» (2013-2016 թթ․), «Ավայիում» (2017 – 2018 թթ․), «Կրիսումայում» (2019 հունվար-դեկտեմբեր)։ Բրազիլիայի հավաքականի կազմում էլ մասնակցել է 76 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
# Ա-սերիա, բրազիլական Ց սերիա, Բրազիլիայի հավաքական, Ինտեր, Իտալական Դ սերիա, Կրուզեյրո, Մայկոն -Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Մոնակո, Չեմպիոնների-լիգա, Ռոմա, Սոնա Կալչիո, Վիլա Նովա, տրանսֆերներ