Ծանրամարտի ԵԱ. Պայքարում կլինի Հայաստանի երեք ներկայացուցիչ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 18-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ։
Առաջինը պայքարում կլինի Մնացական Աբրահամյանը (89 կգ), որն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ 20-ամյա ծանրորդը նախնական պատվիրել է երկամարտի 365 կգ, ինչը երրորդ ամենաբարձր քաշն է։
Մեդալային պայքարում հայ ծանորդրի հիմնական մրցակիցները կլինեն Մարին Ռոբուն (Մոլդովա, 375 կգ), Ռաֆայել Ֆրիդրիխը (Գերմանիա, 370), Արթուր Վասիլիոնոկը (Լատվիա, 355) և Լորենցո Տարկինին (Իտալիա, 355)։
89 կգ քաշային կարգի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 17:00-ին։

20:00-ից սկսած` պայքարում կլինեն նաև 76 կգ քաշային կանայք, որտեղ Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա` 18-ամյա Աննա Ամրոյանը և 22-ամյա Միլենա Խաչատրյանը։ Երկու ծանրորդներն էլ երկամարտի համար պատվիրել են 230-ական կիլոգրամ։
Ամրոյանի ու Խաչատրյանի հիմնական մրցակիցներն են Մոնիկա Մարախը (Լեհաստան, 235 կգ), Շելիա Գոլդը (Իսրայել, 232), Իրինա Դամբրովսկայան (Ուկրաինա, 230), Ալեքսանդրիա Չուբատորուն (Մոլդովա, 230) և այլք։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ)` բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
