Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան։
Այդ նշանակումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Պաչաջյանի հետ.
«Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ Ուրախությամբ և հսկայական պատասխանատվությամբ եմ մոտենում այս գործին։ Կաշխատեմ իմ համեստ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում նոր անուններ բացահայտելու և հետագա զարգացում ապահովելու մեջ»:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Լևոն Պաչաջյանի նշանակմանը, ասել է.
«Մշտապես նշել ենք, որ կարևորում ենք Հայաստանի ազգային հավաքականում մեծ դերակատարում ունեցած ֆուտբոլիստների ներգրավվածությունը հայկական ֆուտբոլում կատարվող գործընթացներին: Լևոն Պաչաջյանը ոչ շատ վաղ անցյալի մեր հայտնի և սիրված ֆուտբոլիստներից է, ով արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս Շվեդիայում, լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլին: Վստահ եմ, որ Պաչաջյանի փորձը, գիտելիքները և խանդավառությունը կօգնեն նրան պատվով իրականացնել իր կողմից ստանձնած պարտականությունները»:
Հիշեցնենք, որ ներկա պահին Լևոն Պաչաջյանը հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգ» ակումբի կազմում, իսկ Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Լևոն Պաչաջյան, Լինշոպինգ, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, ՀՖՖ-դեսպան