Ատալանտան շարունակում է իր հեքիաթը․ բերգամոսցիները հիանալի ֆուտբոլ են ցուցադրում 🎥
Իտալիայի գավաթի ՝ Coppa Italia-ի շրջանակում կայացավ նաև երկրորդ կիսաեզրափակիչ դիմակայության պատասխան հանդիպումը․ «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից Ջանպիերո Գասպերինիի թիմը տիրեց նախաձեռնությանը և բավական արագ ստացավ երկու գնդակի առավելություն։ Նախ 10-րդ րոպեին «Ատալանտային» առաջ մղեց Դուվան Սապատան, ապա 16-րդ րոպեին Մատեո Պեսինան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Ընդհանրապես, բերգամոսցիները ողջ առաջին խաղակեսում ունեին նկատելի առավելություն և ավելի վտանգավոր էին գրոհում, իսկ «Նապոլին» բավական անատամ տեսք ուներ։ Գատուզոյի սաներն առաջին կեսում այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասին։
Երկրորդ կեսի մեկնարկում նեապոլիտանական ակումբը, ընդհակառակը, ավելի լավ մեկնարկեց՝ 53-րդ րոպեին Իրվինգ Լոզանոյի ջանքերով հետ բերելով մեկ գնդակ։
Այդ բաց թողած գոլը կարծես թե սթափեցրեց տանտերերին, որոնք անմիջապես կրկին առավելություն ստացան։ Բերգամոսցիները վտանգավոր գրոհները մեկը մյուսի հետևից էին անցկացնում, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում Դավիդ Օսպինայի պաշտպանած դարպասում։
78-րդ րոպեին, ամեն դեպքում, «Ատալանտային» հաջողվեց վերականգնել երկու գնդակի առավելությունը․ կրկին գոլի հեղինակ դարձավ Մատեո Պեսինան, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Խաղավարտին մոտ էլ նեապոլիտանական ակումբի տղաները փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպման ընթացքը, մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն խաղում այլևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Այսպիսով, «Ատալանտան» 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ դուրս գալով Իտալիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում մայիսի 19-ին կմրցի «Յուվենտուսի» դեմ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ավարտվել էր 0։0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ատալանտա, Դուվան Սապատա, Իտալիայի-Գավաթ, Իրվինգ Լոզանո, Մատեո Պեսինա, Յուվենտուս, Նապոլի, Ջանպիերո Գասպերինի, Ջենարո Գատուզո