Իսպանիայի գավաթ. Օսասունան դրամատիկ պայքարում հաղթեց Սևիլիային 🎥
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Օսասունան» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում կողմերը գրավիչ ֆուտբոլ պարգևեցին։
71-րդ րոպեին տանտերերը բազմաքայլ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Չիմի Ավիլան` բացելով հաշիվը։
Խփած գոլից հետո Յակոբա Արասատեի սաները վստահություն ստացան և կարող էին քանիցս կրկնապատկել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Լուկաս Տորոն ու Անտե Բուդիմիրը, ով աչքի ընկնելու երկու հիանալի պահ կորցրեց։
Թվում էր` «Օսասունան», ամեն դեպքում, կհաղթի 1:0 հաշվով, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Անդալուսիայից ժամանած հյուրերը. «Սևիլիայի» ֆուտբոլիստները 90+5-րդ րոպեին Յուսեֆ Էն-Նեսիրի ջանքերով խփեցին պատասխան գոլը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո այն շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում Խորխե Սամպաոլիի թիմն ուներ տոտալ առավելություն և գնդակին տիրում էր ժամանակի 90%-ը, սակայն 99-րդ րոպեին հյուրերը հակագրոհ բաց թողեցին, որը եզրափակեց Էզ Աբդեն։
Բաց թողած գոլը կարծես սառը ցնցուղ լիներ հյուրերի համար, ովքեր այլևս չկարողացան փրկել հանդիպումը։
Այսպիսով, «Օսասունան» հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Աբդեսամադ Էզալզուլի, Էզ Աբդե, Իսպանիայի գավաթ, Խորխե Սամպաոլի, Յակոբա Արսատե, Յուսեֆ Էն-Նեսիրի, Չիմի Ավիլա, Սևիլիա, Օսասունա