Ի՞նչ տրանսֆերային ծրագրեր ունի Ռոնալդ Կումանը
Օրեր առաջ «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Կիկե Սետիենին՝ նրա փոխարեն նշանակելով հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանին։
Սպասվում է, որ 57-ամյա մարզիչը ակումբի կազմում լուրջ փոփոխություններ կկատարի։ Մի շարք ֆուտբոլիստներ, ամենայն հավանականությամբ, կհեռանան ակումբից, որոնց փոխարեն կգան նոր դեմքեր։
Կումանը մտադիր է երիտասարդացնել կազմը, այդ պատճառով, հավանական է, որ հեռանան ավելի տարեց ֆուտբոլիստները։ Այդ ֆուտբոլիստների թվում է նաև Ժերար Պիկեն, ով «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարեց, որ ակումբին անհրաժեշտ է թարմություն, և եթե հարկ լինի հնարավորություն տալ երիտասարդներին, ապա նա առաջինը կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, այդ ամենից փորձում է օգտվել անգլիական Պրեմիեր լիգա վերադարձած «Ֆուլհեմը», որն առաջարկ է կատարել 33-ամյա պաշտպանին, սակայն, հայտնի չէ, թե ինչ է պատասխանել Պիկեն այդ առաջարկին։ Հիշեցնենք, որ 2004-2008 թվականներին Պիկեն հանդես է եկել ԱՊԼ-ի կազմում՝ ներկայացնելով «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հաջորդ՝ ավելի հավանական հեռացող ֆուտբոլիստների թվում են Լուիս Սուարեսն ու Իվան Ռակիտիչը։ Լուիս Սուարեսը, ով հունվարին ծանր վնասվածք էր ստացել, չի կարողանում վերգտնել իր արդյուավետությունը և վերջերս հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ, ովքեր նրան տեղեկացրել են, որ նոր ակումբ պետք է փնտրի։ Այդ մասին տեղեկացնում է El Chiringuito TV-ն։
Հայտնի է, որ ուրուգվայցի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Այաքսը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամստերդամը ներկայացնող ակումբը նույնիսկ առաջարկով է հանդես եկել «Բարսելոնային» և պատրաստ է խաղացողի դիմաց վճարել 15 մլն եվրո, իսկ Սուարեսի հետ կնքել 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։ Հիշեցնենք, որ 2007-2011 թվականներին Սուարեսը պաշտպանում էր հենց «Այաքսի» գույները, ինչից հետո տեղափոխվել է «Լիվերպուլ», 2014 թվականից հանգրվանել է «Բարսելոնայում։
Սուարեսին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Յուվենտուսը»։
Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ապագան նույնպես մշուշոտ է։ 32-ամյա կիսապաշտպանը կորցրել է ինչպես իր նախկին արագությունը, այնպես էլ տեղը մեկնարկային կազմում, ինչն էլ առաջացրել է երկրպագուների, նախկին մարզչական շտաբների ու ակումբի ղեկավարության դժգոհությունը։
Ռակիտիչը դեռևս նախորդ ամռանը պետք է հեռանար ակումբից, սակայն ոչ մի ակումբ չկատարեց «Բարսելոնայի» պահանջները, որը խաղացողի վաճառքից ցանկանում էր ստանալ 30-40 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, շատ հավանական է, որ Ռակիտիչը վերադառնա «Սևիլիա», որտեղ հանդես է եկել 2011-2014 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է հենց «Բարսելոնա»։
Լեո Մեսսիի թեման առաձին պատմություն է, այդ պատճառով շրջանցենք և անդրադառնանք այն ֆուտբոլիստներին, որոնք, հավանական է, համալրեն կատալոնական ակումբի շարքերը։
Ռոնալդ Կումանի հոլանդացի լինելու փաստը սպասեցնել էր տալիս, որ նրա՝ ակումբը գլխավորելուց հետո կատալոնացիները կսկսեն հետաքրքրվել մի շարք հոլանդացի ֆուտբոլիստների ծառայություններով։
Կումանի՝ «Բարսելոնան» գլխավորելուց հետո առաջին ֆուտբոլիստը, որի ծառայություններով սկսեց հետաքրքրվել ակումբը, «Այաքսի» ենթահարձակվող Դոնի վան դե Բեկն է, ում հետ մարզիչն աշխատել է արդեն Նիդեռլանդների հավաքականի կամում։
Հայտնի է, որ «կապտանռնագույնների» ղեկավարները միանգամից անցել են գործի և արդեն բանակցություններ են վարում 23-ամյա կիսապաշտպանի գործակալ Գվիդո Ալբերսի հետ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Բարսելոնան» խաղացողին առաջարկել է 6 տարվա պայմանագիր։
Diaro AS-ին էլ հաջողվել է պարզել, որ «Այաքսը» խաղացողի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 55 մլն եվրո, ինչը կարող է խնդիրներ առաջացնել կատալոնական ակումբի համար։
Աղբյուրի փոպանցմամբ՝ բացի Վան դե Բեկից, կատալոնական ակումբն այլ տարբերակներ ևս դիտարկում է կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար, սակայն, չի նշվում, թե ինչ տարբերակների մասին է։
Կիսապաշապտանության ուժեղացման տարբերակներից է նաև «Լիվերպուլի» 29-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումն է։
Ինչպես արդեն հասկացաք, Վեյնադումի տարբեկակն առաջարկել է հենց Ռոնալդ Կումանը։ Այդ մասին տեղեկացնում է Algemeen Dagblad-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վեյնալդումը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Լիվերպուլի» հետ, իսկ Կումանը նրան խնդրել է այն չերկարաձգել։ Հավելենք, որ Վեյնալդումի և «Լիվերպուլի» միջև պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, հոլանդացի կիսապաշտպանը մտադիր չէ հեռանալ մերսիսայդյան ակումբից, քանի որ նրան դուր է գալիս «Լիվերպուլում» իր ունեցած կարգավիճակից, որի հետ արդեն հաղթել է Չեմպիոնների լիգան և ԱՊԼ-ի չեմպիոնությունը։
Հայտնի է նաև, որ «Բարսելոնան» դեռևս որևէ պաշտոնական առաջարկով հանդես չի եկել խաղացողի վերաբերյալ։
«Բարսելոնան» դիտարկում է նաև հարձակման կենտրոնն ուժեղացնելու տարբերակը, որի ամենահավանական տարբերակներից մեկը «Լիոնի» 26-ամյա հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայն է։ Այդ մասին տեղեկացնում է RAC1 ռադիոկայանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կումանը Դեպային դիտարկում է որպես Լուիս Սուարեսի ամենալավ փոխարինողը, ով, ինչպես արդեն նշել ենք, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից։
Բացի դրանից, Դեպայի տրանսֆերը «Բարսելոնայի» համար ավելի էժան կարժենա, քան «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսինն է, ում ծառայություններով արդեն երկար ժամանակ է հետաքրքրված է «բլաուգրանասի» ղեկավարությունը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, չնայած «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ Մեմֆիս Դեպայի տրանսֆերն ավելի էժան կարժենա, միևնույնն է, ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը մնում է Լաուտարո Մարտինեսը։
«Ինտերն» ու «Բարսելոնան» կորոնադադարի ժամանակ բավականին երկար ժամանակ բանակցություններ էին վարում, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ, քանի կողմերը ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության հասնել։
Բանակցությունները դադարեցվել էին հուլիսին, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, դրա կայացման հավանականությունը կրկին բավականին ակտուալ է, քանի որ կողմերը վերականգնել են բանակցությունները։
Հուլիսին լրացել է Լաուտարոյի պայմանագրում նշված հրաժարագնի կետը, ըստ որի, այն ակումբները, որոնք ցանկանում էին գնել նրան, պետք է վճարեին 111 մլն եվրո։ Այժմ «Բարսելոնան» «Ինտերի» հետ կարող է պայմանավորվել ավելի ցածր գնով, սակայն «Ինտերը» կարծես թե մտադիր չէ զիջել դիրքերը։
Ինչպես նախկին բանակցություններում, այնպես էլ այժմ, կատալոնական ակումբը մտադիր է մի շարք խաղացողների ընդգրկել խաղացողի գործարքում։ Այն ժամանակ նշվում էր Նելսոն Սեմեդուի և Խունիոր Ֆիրպոյի անունները։
«Բարսելոնայի» ամենախնդրահարույց դիրքը շարունակում է մնալ պաշտպանության կենտրոնը, որի ամրապնդումը նույնպես անմասն չի մնա։
«Մանչեսթեր Սիթիի ձախ պաշտպան Անխելինիոն, ով մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Լայպցիգի» կազմում, հայտնվել է կատալոնական ակումբի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Սեմ Լին, 23-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ռոնալդ Կումանը։ Հայտնի է, որ խաղացողի վաճառքից «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ստանալ 30 մլն եվրո։ Դա այն գումարն է, որի դիմաց «քաղաքաբնակները» պատրաստ են խաղացողին բաց թողնել հենց «Լայպցիգին», քանի որ գերմանական ակումբն ունի խաղացողին գնելու անմիջական իրավունք։
Պաշտպանության ուժեղացման տարբերակ է նաև «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստ ՝ Էրիկ Գարսիան, ով «Բարսելոնայի» սան է։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասի» ղեկավարները լրջորեն աշխատում են այդ տրանսֆերի կայացման համար և նույնիսկ առաջարկով են հանդես եկել։ «Կապտառնագույնները» անգլիական ակումբին 19-ամյա խաղացողի դիմաց առաջարկել է 10 մլն եվրո և ներկա պահին պատրաստ չէ ավելի շատ գումար վճարել։
Եթե «Սիթին» մերժի այդ առաջարկը, ապա կատալոնական ակումբը կփորձի խաղացողին ձեռք բերել անվճար, քանի որ 2021 թվականին Գարսիայի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է։
Հայտնի է միայն, որ մանկունյական ակումբը խաղացողի դիմաց ցանկանում է վաստակել 23 մլն եվոր։
Հավելենք, որ Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» համակարգում եղել է 2006-2017 թվականներին, ինչից հետո 2 մլն եվրոյի դիմաց համալրել է «Սիթիի» շարքերը։
# Այաքս, Անխելինիո, Բարսելոնա, Դոնի-վան-դե-Բեկ, Էրիկ Գարսիա, Ժերար Պիկե, Ժորժինիո Վեյնալդում, Ինտեր, Իվան Ռակիտիչ, Լայպցիգ, Լաուտարո Մարտինես, Լիոն, Լիվերպուլ, Լուիս-Սուարես, Մանչեսթեր-Սիթի, Մեմֆիս Դեպայ, Յուվենտուս, Ռոնալդ Կուման, Սևիլիա, Ֆուլհեմ