Ժեզուս. «Հատկապես կարևոր է, երբ պայքարից դուրս ես թողնում Բարսելոնային»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեղ Կիևի «Դինամոյին»։
Այդ հաղթանակի շնորհիվ պորտուգալական ակումբը E խմբում վաստակեց 8 միավոր, շրջանցեց «Բարսելոնային», բարձրացավ 2-րդ հորիզոնական և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արծիվների» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը.
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, ինչը մեծ հաջողություն է մեզ համար։
Չնայած` եթե «Բավարիան» չհաղթեր «Բարսելոնային», ապա ամեն ինչ կարող էր լրիվ այլ լիներ։
Առաջին խաղակեսում մենք երկու գոլ խփեցինք և մեծ ճնշում էինք գործադրում մրցակցի կիսադաշտում։
«Դինամոն» ուժեղ թիմ է, որի կազմում հանդես են գալիս Ուկրաինայի հավաքականի 6 ֆուտբոլիստներ, որը, ինչպես Պորտուգալիան, հանդես է գալու ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլում։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը յուրաքանչյուր ակումբի համար մեծ քայլ է դեպի առաջ։ Հատկապես կարևոր է, երբ պայքարից դուրս ես թողնում «Բարսելոնային»։ Մեր առաջև դրված չէ Չեմպիոնների լիգան հաղթելու նպատակ, սակայն զգում ենք, որ կարող ենք առաջ գնալ։
Ինչ վերաբերում է 1/8 եզրափակիչի վիճակահանությանը, ապա կասեմ, որ չունեմ նախընտրած մրցակիցներ, սակայն արդեն գիտենք, որ մեզ բաժին կհասնի ամենաուժեղ թիմերից մեկը։ Հավատում եմ, որ կկարողանանք դուրս գալ 1/4 եզրափակիչ` անկախ մրցակցից»,- Ժեզուսի խոսքերը մեջբերում է Կիևի «Դինամոյի» պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, բենֆիկա, Դինամո Կիև, Ժորժե Ժեզուս, Ուկրաինայի հավաքական, Չեմպիոնների-լիգա, Պորտուգալիայի հավաքական