Ռեալը խորտակում է կատալոնական նավը🎥
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն , որի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Հանդիպման մեկնարկը որոշակի առումով հանգիստ պայքարում էր ընթանում, սակայն խաղի հաշիվը բավական արագ բացվեց։
13-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեն գեղեցիկ անցում ձեռնարկեց դաշտի կենտրոնով, այնուհետև փոխանցում կատարեց աջ եզրից բացվող Լուկաս Վասկեսին, ով էլ հարվածային դիրք դուրս բերեց Կարիմ Բենզեմային։ Ֆրանսիացի հարձակվողն էլ չվարանեց և մեկ հպումով կրնկով կատարած հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։
«Բարսելոնան» ուշքի չէր եկել բաց թողած գոլից, երբ ևս մեկ գնդակ հանեց սեփական դարպասից։ 28-րդ րոպեին «արքայական» ակումբը նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իարվունք էր վաստակել․ հարվածեց Տոնի Կրոսը, ինչից հետո, գնդակն անդրադառնալով Սերժինիո Դեստից, հայտնվեց կատալոնական ակումբի դարպասում։
35-րդ րոպեին քիչ մնաց երրորդ գնդակը խփեին Զինեդին Զիդանի սաները․ Վինիսիուս Ժունիորը հարվածային դիրք դուրս բերեց Ֆեդե Վալվերդեին, սակայն ուրուգվայցի խավբեկի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Լուկաս Վասկեսի հարվածից հետո Տեր Շտեգենը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։
Շոկային իրադարձություններից հետո Ռոնալդ Կումանի թիմը փորձեց նախքան ընդմիջում կրճատել հաշվի տարբերությունը, ինչը քիչ էր մնում նրան հաջողվեր, սակայն երկու անգամ նպաստավոր դիրքից վրիպեց Լեո Մեսսին։
Դրվագներից մեկում արգենտինացի հարձակվողի հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ մյուս դեպքում՝ Տիբո Կուրտուան փրկեց իր թիմին։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին մադրիդյան ակումբի երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ հավասար պայքար էր ընթանում, որն ուղեկցվում էր փոխնիփոխ գրոհներով, որոնք սակայն, իրենցից այդքան էլ լուրջ վտանգ չէին ներկայացնում։
Մինչև 60-րդ րոպե երկրորդ խաղակեսում խաղակեսում որևէ գոլային պահեր չկային, սակայն կատալոնական ակումբին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ Ժորդի Ալբայի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ գրոհին միացած Օսկար Մինգեսան։
Այդ գոլն ակտիվացրեց հանդիպումը, իսկ դաշտում սկսեց «բաց» ֆուտբոլ ընթանալ։ «Բարսելոնան» հարձակվում էր, իսկ «արքայական» ակումբի ֆուտբոլիստները հակագրոհում էին, սակայն երկու թիմերին էլ չէր բավականացնում դիպուկությունը։
75-րդ րոպեին Լեո Մեսսիի փոխանցումից հետո մոտ էր աչքի ընկնելուն փոխարինման դուրս եկած Իլայիշ Մորիբան, սակայն երիտասարդ կիսապաշտպանի գլխով կատարած հարվածը թույլ ստացվեց, ինչից հետո Կուրտուան որսաց գնդակը։
Հաջորդ գրոհներից մեկի ժամանակ էլ քիչ մնաց աչքի ընկներ Ալվարո Օդրիոսոլան, սակայն այդ դրվագում էլ հիանալի խաղաց Տեր Շտեգենը։
«Բլաուգրանասը» հասկանում էր, որ պետք է շտապել և փորձում էր խփել երկրորդ պատասխան գնդակը։ 84-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Ժորդի Ալբան, սակայն իսպանացի եզրային պաշտպանի հարվածը չստացվեց մոտ տարածությունից, իսկ տանտերերի պաշտպանները հեռացրին գնդակը։
Խաղի վերջնամասում լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Նախ 89-րդ և 90-րդ րոպեներին Կազեմիրոն կոպիտ խաղի համար երկու անգամ պատժվեց դեղին քարտով և հեռացվեց դաշտից, ապա 90+3-րդ րոպեին Մորիբան կրկին մոտ էր աչքի ընկնելուն, սակայն 18-ամյա ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակն այս խաղում հերթական անգամ դիպավ դարպասաձողին։
Ի վերջո, Զինեդին Զիդանի թիմին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։
Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» 2։1 հաշվով ծանր հաղթանակ տարավ պատմության 245-րդ Էլ կլասիկոյում։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 66 միավոր, շրջանցեց «Բարսելոնային» և «Ատլետիկո Մադրիդին»՝ ժամանակավորապես բարձրանալով մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։ 66 միավոր ունի նաև «Ատլետիկոն», սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը հենց «արքայական» ակումբն է։
«Հնդկացիները», սակայն, դեռևս ընթացիկ տուրում չեն անցկացրել իրենց հանդիպումը։ Դիեգո Սիմեոնեի սաները ապրիլի 11-ին հյուրընկալվելիս կմրցեն «Բետիսի» դեմ։
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնական ակումբը մնաց 65 միավորով և նահանջեց 3-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Զինեդին-Զիդան, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուկաս Վասկես, Կարիմ-Բենզեմա, Մարկ Անդրե Տեր Շտեգեն, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Կուման, Սերժինիո Դեստ, Վինիսիուս, Տոնի-Կրոս, Օսկար Մինգեսա