Զախարյանը ժամանել է Հայաստան և հանդիպելու է ՀՖՖ ներկայացուցիչների հետ
Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, «Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հունիսի 18-ին ժամանել է Հայաստան։
Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա ֆուտբոլիստը ներկա է լինելու է հունիսի 19-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում կայանալիք Հայաստան – Լատվիա հանդիպմանը։
Հաղորդվում է, որ խաղից հետո Զախարյանը հանդիպելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։
Հավելենք, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի հավաքականը հեռացվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, ինչից հետո բազմաթիվ են խոսակցությունները, որ Զախարյանն իրավունք կստանա փոխել ֆուտբոլային քաղաքացիությունն ու կներկայացնի Հայաստանը։
Ներկա պահին, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, երիտասարդ ֆուտբոլիստը չի կարող փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, քանի որ 2021 թվականից հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 7 հանդիպում։
Ավելացնենք, որ Զախարյանն ավարտված մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում` դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Լատվիայի հավաքական, Հայաստան - Լատվիա, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ, Ռուսաստանի հավաքական, ՖԻՖԱ