Դինամո Զագրեբի ֆուտբոլիստին դաշտից հեռացրել են 11-մետրանոցը սխալ իրացնելու համար🎥
Դեկտեմբերի 15-ին Խորվաթիայի առաջնության շրջանակում կայացել է 4-րդ տուրից հետաձգված «Իստրա 1961» – «Դինամո Զագրեբ» հանդիպումը. մայրաքաղաքային ակումբը հաղթել է 2:0 հաշվով։
Այդ հանդիպման վերջնամասում արտասովոր դեպք է գրանցվել։ «Դինամոյի» ֆուտբոլիստները 89-րդ րոպեին վաստակել են 11-մետրանոց հարված, իսկ նշակետին մոտեցել է հարձակվող Բրունո Պետկովիչը, ով դարձել է գոլի հեղինակ։
Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Դույե Ստրուկանը ոչ միայն չի արձանագրել դարպասի գրավումը, այլև Պետկովիչին հեռացրել է դաշտից` ցույց տալով նրան երկրորդ դեղին քարտը։
Բանն այն է, որ 27-ամյա հարձակվողը հարվածը կատարելուց առաջ ավելորդ դադար է պահել, ինչն ապակողմնորոշել է «Իստրայի» դարպասապահ Գոնսալո Կոլաոյին։
Հատկանշական է, որ 11-մետրանոցի դրվագում էլ կարմիր քարտով էր պատժվել նաև տանտերերի դարպասպահ Իվան Լուչիչը, իսկ Կոլաոն դուրս էր եկել փոխարինման։
Ամեն դեպքում, 90+8-րդ րոպեին Ստեֆան Ռիստովսկիի ջանքերով «Դինամոյին» հաջողվեց կրկնապատկել հաշիվն ու հաղթել 2:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրունո Պետկովիչ, Դինամո Զագրեբ, Դույե Ստրուկան, Իստրա 1961, Խորվաթիայի առաջնություն