Գոլային հրավառություն «Էթիհադում». Ման Սիթին հաղթեց Լիվերպուլին` դուրս գալով Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Կարելի է ասել` «քաղաքանբակները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ և արդեն 10-րդ րոպեին բացեցին հաշիվը. ակրոբատիկ ցատկով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։
Պեպ Գվարդիոլայի թիմի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ հյուրերը 20-րդ րոպեին Ֆաբիու Կարվալիուի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Նախքան ընդմիջում «Սիթիի» ֆուտբոլիստները շատ ավելի լավ տպավորություն էին թողնում և կարող էին կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Իլկայ Գյունդողանի և Նաթան Ակեի հարվածներից հետո «Լիվերպուլին» փրկեց դարպասապահ Կուիվին Կելեհերը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսը մեկնարկեց անչափ բուռն։
Նախ 47-րդ րոպեին Ռոդրի հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ռիյադ Մարեզին, ով հաշիվը դարձրեց 2:1, ապա ընդամենը մեկ րոպե անց` 48-րդ րոպեին, հաջորդ իսկ լուրջ գրոհի ժամանակ Յուրգեն Կլոպի թիմն, օգտվելով տանտերերի պաշտպանությունում առկա բացերից, կրկին հավասարեցրեց հաշիվն. աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։
Այդուհանդերձ, 58-րդ րոպեին «Սիթին» այս խաղում արդեն երրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Նաթան Ակեն։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Գվարդիոլայի թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքն ու շատ ավելի մոտ էր հաշվի տարբերությունը մեծացնելուն, քան` «Լիվերպուլը» հանդիպումը փրկելուն։
Ի վերջո, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 3:2 հաշվով` դուրս գալով Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Էրլինգ Հալանդ, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Նաթան Ակե, Ռիյադ Մարեզ, Ֆաբիո Կարվալիո