Բելինգհեմը կողմնորոշվել է, թե որ ակումբի կազմում է ցանկանում շարունակել կարիերան

Բելինգհեմը կողմնորոշվել է, թե որ ակումբի կազմում է ցանկանում շարունակել կարիերան

27/09/2022 - 16:00

«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը թերահավատորեն է տրամադրված անգլիական ակումբների` իր հանդեպ հետաքրքրության հանդեպ, քանի որ կարիերան ցանկանում է շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 19-ամյա կիսապաշտպանը 2023 թ. ամռանը լինելու է «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը։

Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստին հետևում է դեռևս 2019 թվականից, իսկ 2022 թ. տարեսկզբից պարբերաբար կապի մեջ է լինում նրա։

Նախքան Օրելյեն Չուամենիի տրանսֆերն իրականացնելը, «Ռեալը» բանակցություններ է վարել նաև Բելինգհեմի հետ, քանի որ ակումբի մարզչական շտաբը որոշ կասկածներ ուներ ֆրանսիացի ֆուտբոլիստի խաղային որակների վերաբերյալ։

Բացի դրանից, Չուամենիի ծառայություններով հետաքրքրված էին նաև մի շարք անգլիական գրանդներ, սակայն երիտասարդ ֆուտբոլիստի շրջապատը նրան խորհուրդ տվեց համալրել «Ռեալի» շարքերը։

Դրան զուգահեռ, «սերուցքայինները» Բելինգհեմին խնդրել են «Բորուսիա Դորտմունդի» հետ նոր պայմանագիր չկնքել, որն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին` հավաստիացնելով նաև, որ վաղ թե ուշ գործարքի հարցում պաշտոնական առաջարկ են կատարելու «իշամեղուներին»։

Ինքը` Բելինգհեմը, նույնպես ցանկանում է համալրել «արքայական» ակումբի շարքերը և խոստացել է չերկարաձգել գործող պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ։

«Ռեալը» Բելինգհեմին դիտարկում է որպես Տոնի Կրոսի կամ Լուկա Մոդրիչի հավանական փոխարինող, ովքեր արդեն համապատասխանաբար 32 և 37 տարեկան են։

Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է նաև բանակցել անգլիական գրանդների հետ։ Խոսքը հատկապես վերաբերում է «Լիվերպուլին», որը 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նույնպես փորձելու է ձեռք բերել երիտասարդ կիսապաշտպանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիա Դորտմունդն» անգլիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է նվազագույնն ստանալ 93 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 100 խաղում դառնալով 13 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022