Կևին դե Բրոյնեն և ընկերները հիանալի մեկնարկեցին որակավորման փուլը🎥
2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում Բրյուսելում մրցեց Ուելսի հավաքականի դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ վալիացիներն արդեն 10-րդ րոպեին Հարի Վիլսոնի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Հավելենք, որ Վիլսոնին գոլային փոխանցում կատարեց Գարեթ Բեյլը։
Արագ բաց թողած գոլը Ռոբերտո Մարտինեսի թիմին սթափեցրեց, և նրա սաները միացրին շարժիչները՝ նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցնելով, այլ նաև առաջ անցնելով հաշվի մեջ։
Նախ 22-րդ րոպեին հաշիվը 1։1 դարձրեց Կևին դե Բրոյնեն, ապա 28-րդ րոպեին՝ Տորգան Ազարն առաջ մղեց «կարմիր սատանաներին»։
Կողմերն ընդմիջման գնացին 2։1 հաշվի պայմաններում։ Հատկանշական է, որ տանտերերը երկու գնդակ խփեցին կատարած նույնքան դիպուկ հարվածով։
Երկրորդ խաղակեսում էլ բելգիացիները հանդիպման նախաձեռնությունը պահում էին իրենց ձեռքում, ինչի արդյունքը եղավ այն, որ 73-րդ րոպեին ևս մեկ գնդակ հայտնվեց Դանի Ուորդի պաշտպանած դարպասում․ 11-մետրանոց նշակետից աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։
Ինչպես պարզվեց հետագայում, «Ինտերի» հարձակվողի խփած գոլն այս խաղում վերջինն էր, և Բելգիայի հավաքականը 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
E խմբի մյուս խաղում էլ Չեխիայի հավաքականը հյուրընկալվելիս 6։2 հաշվով ջախջախեց Էստոնիայի ընտրանուն։
Այսպիսով, Բելգիայի և Չեխիայի հավաքականները մեկնարկային խաղերից հետո 3-ական միավորով գլխավորեցին խումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, Բելգիայի հավաքական, Թորգան Ազար, Կևին դե Բրոյնե, Հարի Վիլսոն, Ռոբերտո Մարտինես, Ռոմելու-Լուկակու