Արթուր Սերոբյանը մոտ է կարիերան արտերկրում շարունակելուն
«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը մոտ է կարիերան ռուսական «Կռիլյա Սովետովի» կազմում շարունակելուն։
Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ 20-ամյա եզրային ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Սամարա քաղաքը ներկայացնող ակումբի հետ։
Երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական որոշում կայացնելու է «Կռիլյա Սովետովի» գլխավոր մարզիչ Իգոր Օսինկինը։
Ըստ աղբյուրի` հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Սլովենիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Ցելեն»։
Ֆուտբոլային ինսայդեր, մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցերում գրում է, որ «Ցելեն» ու «Արարատ-Արմենիան» ֆուտբոլիստի տեղափոխության ֆինանսական հարցում չեն կարողացել համաձայնել հասնել։ Այժմ Սերոբյանը, ամենայն հավանականությամբ, կհամալրի «Կռիլյա Սովետովի» կազմը։
Սպասվում է, որ ռուսական ակումբը նախ կվարձակալի, ապա մոտ 300-400 հազար եվրոյով կգնի Սերոբյանի տրանսֆերային իրավունքը։
Բացի վերոնշյալ ակումբներից, Սերոբյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Իվերդոնը», որը նրան դեռ նախորդ ամռանն էր ցանկանում ձեռք բերել։
Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանն արտասահմանյան ակումբներում հանդես գալու փորձ արդեն ունի և 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է պորտուգալական «Կասա Պիայում»` 4 խաղում խփելով 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Արթուր Սերոբյան, Իվան Կարպով, Իվերդոն, Կռիլյա Սովետով, Հայաստանի-հավաքական, Շվեյցարիայի Սուպերլիգա, Սլովենիայի առաջյություն, տրանսֆերներ, Ցելե