Ատլետիկոն թրիլլերային խաղում հաղթեց Խետաֆեին🎥
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսը պարզապես լի էր իրադարձություններով, որի ընթացքում գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան ցույց տվեց 7 դեղին քարտ, նշանակեց 3 11-մետրանոց, իսկ կողմերը միասին խփեցին 6 գոլ։
Խաղի հաշիվն արդեն 9-րդ րոպեին կարող էր բացել Լուիս Սուարեսը, սակայն ուրուգվայցի հարձակվողը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Խետաֆեին» փրկեց դարպասապահ Դավիդ Սորիան։
Այդուհանդերձ, «հնդկացիները» շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 19-րդ ու 27-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Անխել Կոռեան ու Մաթեուս Կունյան։
Բաց թողած երկու գոլը ոչ մի կերպ չկոտրեց հյուրերին, ովքեր 30-42-րդ րոպեների ընթացքում ոչ միայն կրճատեցին ու հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. դուբլի հեղինակ դարձավ Էնես Ունալը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բորխա Մայորալը։
հատկանշական է, որ թուրք հարձակվողը երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Երբ թվում էր` կողմերն ընդմիջման են գնալու «Խետաֆեի» առավելության պայմաններում, 45+4-րդ րոպեին տանտերերը Կոռեայի ջանքերով հաշիվը դարձրին 3:3։
Պետք է նշենք, որ տարբեր դադարների պատճառով առաջին կեսը ձգվեց մինչև 45+9-րդ րոպե։
Երկրորդ խաղակեսն իրադարձությունների տեսանկյունից ավելի հանգիստ պայքարում անցավ, սակայն հանդիպման վերջնամասը բավական դրամատիկ ստացվեց։
Առաջ ընկնելով` նշենք, որ Դիեգո Սիմեոնեի թիմը 58-րդ րոպեին մնաց 10 հոգով. կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Ավգուստո Ֆելիպեն։
Սակայն, նույնիսկ 10 ֆուտբոլիստներով «Ատլետիկոն» 89-րդ րոպեին հաղթանակ կորզեց. հերոսացավ փոխարինման դուրս եկած Մարիո Հերմոսոն։
Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» թրիլլերային սցենարով ընթացած խաղում 4:3 հաշվով հաղթեց «Խետաֆեին», վաստակեց 39 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։
«Խետաֆեն», 25 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Բորխա-Մայորալ, Դավիդ Սորիա, Դիեգո-Սիմեոնե, Էնես Ունալ, Լա-լիգա, Խետաֆե, Մաթեուս Կունյա, Մարիո Հերմոսո