Գասպերինի․ «Մրցավարը պետք է այլ աշխատանք գտնի, եթե չգիտի պայքարի և խախտման տարբերությունները»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Այդ հանդիպման 17-րդ րոպեին Բերգամոն ներկայացնող ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ «Ատալանտայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը սեփական տուգանային հրապարակի մատույցներում կանոնների խախտում թույլ տվեց Ֆերլան Մենդիի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Թոբիաս Շթիլերը շվեյցարարցի ֆուտբոլիստին անմիջապես հեռացրեց խաղադաշտից։
Այդ դրվագի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին․
«Խաղը տապալվեց։ Նախորդ մրցաշրջանում քաոս էր տիրում ձեռքով խաղի հետ կապված, իսկ այժմ միտում կա ֆուտբոլում արգելել ցանկացած հպում, ինչն ինքնասպանություն է սպորտի համար։
Ա սերիայի շրջանակում վերջերս ինձ որակազրկել էին մի շարք արտահայտությունների համար, և եթե ես այժմ նույնն անեմ, ապա ՈՒԵՖԱ-ն ինձ մեկ ամսով կորակազրկի, սակայն սա ֆուտբոլային ինքնասպանություն է։ Չպետք է լինեն այնպիսի մրցավարներ, ովքեր երբևէ ֆուտբոլ չեն խաղացել և չգիտեն խախտման և պայքարի տարբերությունները։
Եթե նա չգիտի այդ տարբերությունը, ապա պետք է այլ աշխատանք փնտրի։ Մրցավարությամբ պետք զբաղվեն միայն այն մարդիկ, ովքեր ժամանակին զբաղվել են ֆուտբոլով։ Մրցավարներն այժմ ունեն տեսակրկնապատկերից օգտվելու հնարավորություն, նրանք ունեն բոլոր հնարավորություններն անաչառ մրցավարության համար, սակայն նույնիսկ, օգտվելով VAR-ից, նրանք սխալվում են։
Այսքան երկար սպասում ես այս իրադարձությանը, սակայն ամեն ինչ ավիրվում է։ Մենք ցանկացած դեպքում կարող էինք պարտվել, ես չեմ ափսոսում արդյունքի համար, սակայն մենք ցանկանում էինք ֆուտբոլ խաղալ»,- նշել է Գասպերինին Sky Sports Italia-ի ուղիղ եթերի ժամանակ, որը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Թոբիաս Շթիլեր, Չեմպիոնների-լիգա, Ջանպիերո Գասպերինի, Ռեալ Մադրիդ, Ռեմո Ֆրոյլեր