Ատալանտան ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում🎥
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում Բերգամոյից եկած հյուրերը բավական լուրջ առավելություն ունեին և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռուսլան Մալինովսկին, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 42-րդ րոպեին ուկրաինացի կիսապաշտպանի փոխանցումից հետո Դուվան Սապատան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Առաջին կեսում Ջանպիերո Գասպերինիի թիմի առավելությունն այնքան ակնհայտ էր, որ արտահայտվել է նաև թվերի տեսքով։ «Ատալանտան» գնդակին տիրում էր 54 %, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 8 հարված, որոնցից 6-ը եղել են դիպուկ, ինչպես նաև ակումբն իրացրել է 5 անկյունային։
Երկրորդ խաղակեսի մեծ մասում ավելի հանգիստ պայքար էր, սակայն խաղավարտին մոտ հյուրերը կրկին ակտիվացան և կարող էին հաշիվն ավելի խոշոր դարձնել, սակայն նպաստավոր դիրքերից երկու անգամ վրիպեց Լուիս Մուրիելը, մեկ անգամ էլ՝ Յոսիպ Իլիչիչը։ Վերջինիս հարվածից հետո «Վերոնային» օգնության հասավ դարպասաձողը։
Ամեն դեպքում, խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ «Ատալանտան» հաղթեց 2։0 հաշվով, վաստակեց 55 միավոր և ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականում։ Մոտակա հետապնդող «Նապոլիին» բերգամոսցիները գերազանցում են 5 միավոր, սակայն նեապոլիտանական ակումբը դեռևս երկու խաղ պակաս է անցկացրել։
Ինչ վերաբերում է «Վերոնային», ապա Իվան Յուրիչի սաները մնացին 38 միավորով և զբաղեցնում են 9-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Դուվան Սապատա, Իվան Յուրիչ, Լուիս Մուրիել, Յոսիպ Իլիչիչ, Նապոլի, Ջանպիերո Գասպերինի, Ռուսլան Մալինովսկի, Վերոնա