Այսօր կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը
Այսօր` մայիսի 18-ին` Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` կկայանա Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։
Երկու ակումբներն էլ մրցամարում պայքարն սկսեցին խմբային փուլից։ «Այնտրախտն» ընդգրկված էր D խմբում և, վաստակած 12 միավորով, զբաղեցրեց 1-ին հորիզոնականը` գերազանցելով «Օլիմպիակոսին» (3:1, 2:1) «Ֆեներբախչեին» (1:1, 1։1) ու «Անտվերպենին» (1:0, 2։2)։
«Ռենջերներն» ընդգրկված էին A խմբում և զբազեցրին միայն 2-րդ հորիզոնականը` վաստակելով 8 միավոր։ Գլազգոն ներկայացնող ակումբը զիջեց միայն «Լիոնին» (16 միավոր)։
Փլեյ-օֆֆ փուլում շոտլանդական ակումբը մեկնարկեց 1/16 եզրափակիչից և ճանապարհին պայքարից դուրս թողեց «Բորուսիա Դորտմունդին» (4:2, 2։2), «Ցրվենա Զվեզդային» (3:0, 1։2), «Բրագային» (0:1, 3:1) և «Լայպցիգին» (0:1, 3:1)։
Ինչ վերաբերում է «Այնտրախտին», ապա, քանի որ ֆրանկֆուրտյան ակումբը խմբում զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը, փլեյ-օֆֆ-ում փայքարն սկսեց 1/8 եզրափակիչից ու նախքան եզրափակիչ հասնելը ընդհանուր դիմակայություններում հաղթեց «Բետիսին» (2:1, 1:1), «Բարսելոնային» (1:1, 3:2) և «Վեսթ Հեմին» (2:1, 1:0)։
Միջազգային ասպարեզում «Այնտրախտի» ամենամեծ հաջողությունը եղել է 1980 թվականին, երբ «արծիվները» երկու խաղերի արդյունքում (2:3, 1:0) հաղթեցին «Բորուսիա Մյունխենգլադբախին» ու տիրացան ՈՒԵՖԱ-ի գավաթին (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգան)։
Բացի դրանից, Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը 1960 թ. հանդես է եկել Եվրոպական չեմպիոնների գավաթի (խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգան) եզրափակիչում, սակայն 3:7 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։
Այդ հանդիպմանը Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում ներկա է եղել ոչ ավել, ոչ պակաս 127 հազար հանդիսական, ինչը երբևէ լավագույն ցուցանիշն է եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչների պատմության շրջանակում։
«Ռեյնջերսը» մեկ անգամ դարձել է Գավաթակիրների գավաթի հաղթող (1972 թ.)` եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասնելով «Դինամո Մոսկվայի» նկատմամբ։
«Ռենջերները» երկու անգամ հասել են Գավաթակիրների գավաթի եզրափակիչ (1961, 1967 թթ.), մեկ անգամ էլ խաղացել են ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում` 2008 թվականին, երբ 0:2 հաշվով զիջեցին «Զենիթին»։
Վերջում հավելենք, որ «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը» իրենց հարուստ պատմության ընթացքում միայն երկու անգամ են բախվել միմյանց դեմ, ինչը եղել է Եվրոպական չեմպիոնների գավաթի վերոնշյալ 1959/60 մրցաշրջանի կիսաեզրափակիչում։
Այդ ժամանակ ֆրանկֆուրտյան ակումբը պարզապես ջախջախեց «Ռեյնջերսին» և ընդհանուր դիմակայությունում հաղթեց 12:4 հաշվով (6:1, 6:3)։
Դիմակայության լավագույն ռմբարկուն, 4 գոլով, «Այնտրախտի» լեգենդար հարձակվող Ալֆրեդ Պֆաֆն է։
Ինչպես արդեն նշել ենք, «Այնտրախտը», դուրս գալով եզրափակիչ, հետագայում 3:7 հաշվով պարտվեց «Ռեալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Գավաթակիրների գավաթ, Եվրոպա-լիգա, Եվրոպական չեմպիոնների գավաթ, ՈՒԵՖԱ-ի գավաթ, Չեմպիոնների-լիգա, Ռեյնջերս