Ալեմաո․ «Ինձ գոհացրեց Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի Լիգայում խաղալու հնարավորությունը, դրա համար որշեցի տեղափոխվել այս թիմ»
Շարունակվում է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան։ «Արարատ-Արմենիան» պայքարում է չեմպիոնության համար, որի մեջ կարևոր դեր ունի թիմի եզրային պաշտպան, 29-ամյա բրազիլացի Գիլյերմե Անտոնիո դե Սոուզան կամ ավելի կարճ՝ Ալեմաոն։ Interfootball-ը զրուցել է բրազիլացու հետ հայկական ֆուտբոլից, Աշխարհի առաջնությունից։
—Ալեմաո, Արարատ-Արմենիան այժմ երկրորդ հորիզոնականում է։ Ի՞նչ խնդիր է դրվել թիմի առաջ այս մրցաշրջանում։
Չեմ տեսնում, որ թիմն այս պահին խնդիրներ ունի։ «Ուրարտուից» 2 պարտություն կրեցինք 2 խաղերում, որոնց ընթացքում ակնհայտորեն ավելի լավն էինք։ Ֆուտբոլը հենց այդպիսին է։
—Դուք արդեն 3-րդ մրցաշրջանն եք անցկացնում «Արարատ-Արմենիայում»։ Ի՞նչ է ձեզ տվել այս թիմը։
Այստեղ իմ առաջին մրցաշրջանում ես հարմարվելու համար որոշ դժվարություններ ունեցա։ Բայց այսօր ես ինձ զգում եմ ինչպես տանը։ «Արարատ-Արմենիան» միշտ կատարել է իր խոստումները՝ իմ՝ Հայաստան գալու առաջին օրվանից։ Սա շատ ավելի հեշտացրեց այդ հարմարվողական գործընթացը:
—Իսկ ի՞նչ հոգեբանական վիճակում է այժմ թիմը։ Դուք էստոնական «Պայդեին» պարտվեցիք և դուրս մնացիք Կոնֆերենցիաների լիգայից, այդ խաղից առաջ և հետո ինչպիսի՞ վիճակում էր ակումբը։
Ցավոք, մենք չկարողացանք հաղթել այս խաղում: Դա շատ կարևոր էր մեզ և ակումբի համար։ Բայց դա անցյալում է: Մեր թիմն այսօր շատ ավելի ուժեղ և վստահ է։
—Նախորդ մրցաշրջանում Դմիտրի Գունկոն մարզում էր «Արարատ-Արմենիան»: Այս տարի նա «Ուրարտուում» է։ Ի՞նչ սովորեցիք` նրա գլխավորությամբ խաղալով։
Ինձ շատ դուր եկավ Գունկոյի հետ աշխատելը: Նա շատ է սիրում, որ խաղը մեզ վրա վերցնենք՝ գնդակին տիրելով և կարճ փոխանցումներ կատարելով։ Նա մարզիչ է, ով ինձ շատ է օգնել այստեղ՝ Հայաստանում, իմ ֆուտբոլային աճի համար, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան։
—Այժմ թիմը մարզում է Վարդան Բիչախչյանը։ Ի՞նչ հատկանիշներ եք բացահայտել նրա մեջ և՛ որպես մարզչի, և՛ որպես մարդու։
Բիչախչյանն այլ խաղաոճ ունի։ Նա ավելի շատ սիրում է պարզ ու օբյեկտիվ խաղալը։ Սկզբում մենք որոշակի դժվարություններ ունեինք, քանի որ սովոր էինք գնդակը երկար պահել, բայց այսօր արդեն հարմարվել ենք նրա խաղաոճին և շատ ավելի լավն ենք։ Որպես մարդ՝ նա միշտ շատ լավ է եղել ինձ հետ։ Ես նույնպես շատ եմ հարգում նրան։
—Դուք «Արարատ-Արմենիայի» հետ մոտ էիք Եվրոպա Լիգայի խմբային փուլ դուրս գալուն 2020/21 մրցաշրջանում։ Ցավոք, պարտվեցիք «Ցրվենա Զվեզդային»: Ի՞նչ կհիշեք այդ խաղից։
Շատ յուրահատուկ խաղ էր: Մենք հիանալի կազմով խաղացինք, ու քիչ էր մնում՝ հաղթեինք ու դուրս գայինք խմբային փուլ։ Ցավոք, չստացվեց։
—Թիմի հիմնական կազմի խաղացող եք, և «Արարատ-Արմենիան» շատ մարզիչներ փոխեց վերջին մի քանի տարում։ Ի՞նչն է Ձեր խաղում այն գրավականը, որը ստիպում է մարզիչներին հավատալ Ձեր խաղին։
Փորձում եմ հարմարվել մարզչի խաղաոճին։ Ես անում եմ այն, ինչ խնդրում են, և դաշտում միշտ տալիս եմ ինձնից ամեն ինչ։
—Խաղացել եք նաև Պորտուգալիայում` «Մարիտիմուում», «Ուլիվեյրենսեյում», «Լեյշոնշում» և «Տուրիզենսեում»: Ի՞նչ տարբերություններ կան հայկական և պորտուգալական ֆուտբոլի մեջ։
Պորտուգալական ֆուտբոլը շատ ավելի տակտիկական է ու արագ։ Այստեղ Հայաստանում ավելի շատ ֆիզիկական պայքար է։
—Ի՞նչ ակնկալիքով տեղափոխվեցիք Հայաստան, ունեի՞ք այլ առաջարկներ մինչև այստեղ գալը։
Ինձ ամենաշատը գրավեց Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում հանդես գալու հնարավորությունը: Ֆինանսական առումով դա նույնպես գոհացրեց ինձ և օգնեց ինձ կայացնել այս որոշումը:
—Հայկական այլ ակումբներից ո՞ւմ եք համարում դժվար մրցակից։
Կարծում եմ՝ Ուրարտուն այս տարի շատ ուժեղ է։ «Փյունիկը» գործող չեմպիոնն է և արդեն կենտրոնացած է միայն առաջնության վրա, իսկ «Ալաշկերտը» միշտ ուժեղ մրցակից է եղել։
—Ալեմաո, նշե՛ք Հայաստանի առաջնությունում խաղացող Ձեզ համար ամենալավ դարպասապահին, պաշտպանին, կիսապաշտպանին և հարձակվողին։
Դարպասապահ կնշեմ Երմակովին («Արարատ-Արմենիա»), պաշտպաններից կառանձնացնեմ Ռոմերսիոյին («Արարատ-Արմենիա»), կիսապաշտպան՝ Ուգուչուկվու Իվուին («Ուրարտու»), իսկ հարձակվող՝ Ուգո Ֆիրմինոյին («Արարատ-Արմենիա»)։
—Ո՞րն է Ձեր ֆուտբոլային կարիերայի ամենագեղեցիկ գոլը։
Ամենագեղեցիկ գոլն այս տարի գրանցվեց «Ալաշկերտի» դարպասը։ Իրոք, շքեղ ստացվեց։
—Ընտրեք մեկը։ Հաղթել Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիայի» հե՞տ, թե՞ դառնալ Աշխարհի չեմպիոն Բրազիլիայի հետ։
Երկրիդ համար աշխարհի չեմպիոն լինելը, կարծում եմ, ցանկացած խաղացողի երազանքն է:
—Աշխարհի առաջնությունը ընթանում է։ Կարծում եմ, որ Դուք երկրպագելու եք, իհարկե, Բրազիլիայի ընտրանուն։ Ինչի՞ հաշվին կարող են նրանք դառնալ Աշխարհի չեմպիոն։
Այո՛, ես երկրպագում եմ Բրազիլիային և հուսով եմ, որ նրանք կհաղթեն այս Աշխարհի առաջնությունում: Ես հավատում եմ, որ Բրազիլիան ունի լավագույն թիմը և պատրաստ է այս գավաթը հաղթելուն։ Ես նաև Պորտուգալիայի քաղաքացիություն ունեմ, այնպես որ, եթե Պորտուգալիան չեմպիոն լինի, ես նույնպես շատ ուրախ կլինեմ։
—Եվ, վերջում մի հարց ևս։ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու։
Ռոնալդու։
Հարցազրույցը վարեց Սամվել Մխիթարյանը
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալեմաո, Արարատ-Արմենիա, հարցազրույց, Պրեմիեր-լիգա, Սամվել Մխիթարյան