Ազգերի լիգա. Պորտուգալիան հաղթեց Խորվաթիային, Դանիան` Շվեյցարիային 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց Խորվաթիայի թիմի դեմ։
Պորտուգալացիները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Դիոգու Դալոն ու Կրիշտիանու Ռոնալդուն։
Նշենք, որ 39-ամյա Ռոնալդուն խփել է կարիերայի 900-րդ գոլը։
Նախքան ընդմիջում, հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին. ինքնագոլի հեղինակ դարձավ Դալոն։
Հետագայում դարպասի նոր գրավումներ չեղան. Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Պորտուգալացիները խմբում վաստակեցին առաջին 3 միավորը և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Առաջին խմբի մյուս խաղում Լեհաստանը 3:2 հաշվով հաղթել է Շոտլանդիային։
Զուգահեռաբար Դանիայի հավաքականն A դիվիզիոնի 4-րդ խմբում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի դեմ։
Տանտերերը, ունենալով լուրջ առավելություն, խաղավերջում երկու գոլ խփեցին և հաղթանակ կորզեցին։
Դանիացիներին հաղթանակ պարգևեց Պատրիկ Դորգուի ու Պիեր-Էմիլ Հոյբերգի խփած գոլերը, որոնք գրանցվեցին 82-րդ ու 90+2-րդ րոպեներին։
Նշենք, որ հյուրերը հանդիպումն ավարտել են 9 հոգով. կարմիր քարտ ստացան Նիկո Էլվեդին ու Գրանիտ Ջական։
Դանիան 3 միավորով գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել Սերբիային` 0:0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Գրանիտ Ջակա, Դանիայի հավաքական, Դիեգու Դալոտ, Խորվաթիայի հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Նիկո Էլվեդի, Շվեյցարիայի հավաքական, Պատրիկ Դորգու, Պիեր-Էմիլ Հոյբերգ, Պորտուգալիայի հավաքական