Ուկրաինացիները հերթական անակնկալն են մատուցում․ Դեշամի սաներն իրենց նման չէին 🎥
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։
Խաղի մեկնարկում ֆրանսիացիները տեսանելի առավելություն ունեին, ինչի արդյունքում էլ 19-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ պտտեցրած հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը։
Նախքան ընդմիջման գնալն էլ Դիդիե Դեշամի սաները կարող էին ավելի մեծացնել իրենց առավելությունը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Կիլիան Մբապեն ու Օլիվիե Ժիրուն։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկել էր հանգսիտ պայքարում, սակայն, 57-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Անդրեյ Շևչենկոյի սաները հավասարեցրին հաշիվը։
Ուկրաինացիների՝ հարձակման աջ եզրով անցկացրած գրոհից հետո Սերգեյ Սիդորչուկի հարվածից հետո գնդակը, անդրադառնալով Պրեսնել Կիմպեմբեի ոտքից, հայտնվեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասում։
Բաց թողած գոլից հետո աշխարհի գործող չեմպիոններն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը՝ փորձելով հաղթանակ կորզել, սակայն «եռագույնների» խաղը, բառի ամենաուղիղ իմաստով, չէր ստացվում․ նրանց գրոհներն աչքի չէին ընկնում սրությամբ։ Հատկապես հիասթափեցրեց Կիլիան Մբապեն, ում անատամ խաղի պատճառով 77-րդ րոպեին Դիդիե Դեշամը փոխարինեց։
Տանտերերը որքան էլ խաղավերջում ճնշեցին մրցակցին, ստեղծեցին վտանգավոր պահեր, սակայն, ոչ մի կերպ չհաջողվեց խփել այդքան ցանկալի հաղթական գնդակը։
Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը հյուրընկալվելիս միավորներ խլեց, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
D խմբի մյուս խաղում նույնպես գրանցվեց ոչ-ոքի՝ Ֆինլանդիա 2։2 Բոսնիա և Հերցեգովինա։
Այս խմբում բոլոր հավաքականները, բացի Ղազախստանի հավաքականից, վաստակել են 1 միավոր։ Ղազախները դեռևս չեն սկսել իրենց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, Անդրեյ-Շևչենկո, Անտուան-Գրիզման, Դիդիե Դեշամ, Կիլիան-Մբապե, Ուկրաինայի հավաքական, Պրեսնել Կիմպեմբե, Սերգեյ Սիդորչուկ, Ֆրանսիայի հավաքական