Ֆուտբոլիստներ, ովքեր հիանալի հանդես եկան կորոնադադարից հետո
2020 թվականն ամեն առումով յուրահատուկ է ստացվում։ Տարեսկզբին մարդիկ ապրում էին բնականոն առօրյայով, ֆուտբոլիստները հաճույք էին ստանում իրենց կատարած աշխատանքից, սակայն եկավ մարտ ամիսը և ամեն ինչ խառնվեց իրար։ Վրա հասավ չարաբաստիկ կորոնավիրուսը, մարդկային կյանքը դադարեց նախկին ձևով ընթանալ՝ խաթարելով ողջ մարդկության կյանքը։
Սույն թվականի մարտից սկսած ֆուտբոլային կյանքն անորոշ ժամանակով կանգ առավ։ Մարտ-ապրիլ ամիսներին եվրոպական ֆուտբոլի չինովինկները տարբեր կերպ քննարկումներ էին անցկացնում՝ հասկանալով, թե ինչպես է հնարավոր ավարտին հասցնել այս չարաբաստիկ մրցաշրջանը։ Ֆուտբոլային երկար քնից ամենաշուտն արթնացավ գերմանական ֆուտբոլը, իսկ այնուհետև հերթով վերսկսվեցին նաև իտալական Ա սերիան, ԱՊԼ-ն և Լա լիգան, դե իսկ եվրագավաթային մցրաշարերը դեռևս առջևում են, որոնք անցկացվելու եք օգոստոսին։
Կորոնադադարից հետո որոշ ֆուտբոլիստներ պարզապես ֆանտաստիկ մարզավիճակում էին։ Տպավորություն էր, թե այդ դադարը չի էլ եղել կամ էլ պարզապես նրանց վրա միայն դրական ազդեցություն է թողել։ Այդ ֆուտբոլիստներն ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու և թիթիզություններ անելու փոխարեն պարզապես թքնաջան մարզվել են հարկադիր պարապուրդի ընթացքում։ Այժմ կներկայացնենք մի շարք ֆուտբոլիստների, որոնք կորոնադադարից հետո հիանալի մարզավիճակում էինք՝ օգնելով իրենց թիմերին։
Ռոբերտո Լևանդովսկի – «Բավարիա»
Կորոնադադարից հետո շարունակեց հարվածային անցկացնել «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով գերմանական ֆուտբոլի վերջնամասում անցկացրեց 9 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Լեհ հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 9 հանդիպումներից 8-ում և միայն արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ «Բորուսիա Դորտմունդի» դեմ արտագնա խաղում։ Լեհ հարձակվողը նաև մի շարք ռեկորդներ գրանցեց իր անվան դիմաց։ Նախ նա խփած 34 գնդակով արժանիորեն նվաճեց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի կոչումը, ինչպես նաև դարձավ մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլի հեղինակ դարձած լեգեոները։
Լեհ հարձակվողն ակնհայտ ավելացրել է ֆիզիկական առումով, ինչը միանգամից նկատվում է նրա մկանուտ թիկունքից, ինչն էլ նրան օգնում է դաշտում անհավանական աշխատանաք կատարել, և նույնիսկ գրեթե 32 տարեկան հասականում նա պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում երեք ամբողջական հանդիպում անցկացնել։
Լեոն Գորեցկա – «Բավարիա»
Չենք վախենա այս խոսքրից, սակայն կորոնադադարից հետո «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստը ոչ թե Ռոբերտ Լևանդովսկին էր, այլ Լեոն Գորեցկան։ Ընդհանրապես 25-ամյա կիսապաշտպանը գերմանական ֆուտբոլի գարնանային հատվածում լավագույն ֆուտբոլն էր ցուցադրում ողջ երկրի մակարդակով։ Հարկադիր դադարից հետո Գորեցկան մյունխենյան ակումբի գրեթե բոլոր խաղերին մասնակցել է առանց փոխարինման և մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկապես հիշատակման է արժանի 31-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ կայացած խաղում Գորեցկայի 86-րդ րոպեին խփած հաղթական գնդակը։ Այդ գոլի շնորհիվ մյունխենյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով և գրեթե ամրագրեց չեմպիոնական տիտղոսը։
Լեոն Գորեցկան ակնհայտ խաղային առաջընթաց է գրանցել՝ դառնալով մյունխենյան ակումբի թաքնված առաջատարը։ Կորոնադադարից հետո նա իրապես իր կարիերայի լավագույն ֆուտբոլն էր ցույց տալիս։ Նա դաշտում ամենուր էր և քայլ առ քայլ դարձավ «գերմանական մեքենայի» դաշտի կենտրոնի առաջատարը, ինչի պատճառով էլ Տիագո Ալկանտարան այժմ նոր ակումբ է փնտրում։ Գորեցկային նույնպես օգնում է այն, որ հարկադիր դադարի ժամանակ անդադար մարզվել է։
Հական Չալհանօղլու, Անտե Ռեբիչ, Զլատան Իբրահիմովիչ – «Միլան»
Կորոնադարից հետո «Միլանը» պարզապես վերելք է ապրում՝ փորձելով վերադառնալ եվրոպական էլիտա։ Իտալական Ա սերիայի և Իտալիայի գավաթի խաղարկության վերսկսումից հետո Ստեֆանո Պիոլիի սաներն արդեն 12 հանդիպում է անպարտելի են և 12 հանդիպումներից 8-ն ավարտվել է հաղթական ելքով, ինչն էլ նպաստեց, որ «ռոսոներիների» ղեկավարությունը մշտական պայմանագիր առաջարկի ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ։ Վերջերս կողմերի միջև 3 տարվա պայմանագիր կնքվեց։
Ընդհարապես, կարելի էր առանձնացնել միլանյան ակումբի ողջ կազմը, սակայն վերոնշյալ երեք խաղացողները պարզապես առաջ են տանում իրենց թիմին։ Նախքան կորոնադադարը «կարմրասևերի» ենթահարձկավող Հական Չալհանօղլուն դարձել էր ընդամենը 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ առաջնության վերսկսվելուց հետո՝ 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Թուրք ֆուտբոլիստը դարձել է «ռոսոներիների» շարժիչ ուժը։ Նա իրացնում է բոլոր սստանդարտ հարվածները, Հականի փոխանցումներով են սկսվում և ավարտվում «Միլանի» գրոհները։ Նա միջինը մեկ խաղում կատարում է 1․9 «կարևոր» փոխանցում (եզրաափակիչ փոխանցում, ինչից հետո հարված է տեղի ունենում դեպի մրցակցի դարպասի ուղղությամբ), իսկ Չալհանօղլուի գոլն «Ատալանտայի» դարպասը տուգանային հարվածի իրացումից հետո պարզապես ֆանտաստիկ ստացվեց։
Վստահաբար կարելի է ասել, որ 26-ամյա ֆուտբոլիստը վերադառնում է այն մակարդակին, ինչը նա մեզ սովորեցրել էր դեռևս «Համբուրգում» և «Բայերում» հանդես գալու տարիներին։
Անտե Ռեբիչը դարձել է ներկայիս «Միլանի» ջոկերը։ 26-ամյա խորվաթ ֆուտբոլիստն անհավանական գոլային հոտառություն ունի․ նա մշտապես այնտեղ է, որտեղ պետք է լիներ, իսկ մրցակիցները սովորաբար նրան չեն սպասում տվյալ դիրքում։ Նստել և վերլուծել, թե կոնկրետ որ դիրքում է հանդես գալիս Ռեբիչը, ապա միանշանակ ժամանակի կորուստ է, քանի որ նա հարձակման գրեթե բոլոր դիրքերում հանգիստ կարողանում է հանդես գալ, բայց կարելի է ասել, որ նա հիմնականում նախընտրում է խաղալ ձախ վինգերի դիրքում, սակայն հարկ եղած ժամանակ բավականին հաջողությամբ նա խաղում է նաև հարձակման կրակածայրում։
«Միլան» տեղափոխվելուց հետո Ռեբիչը կես մրցաշրջան որևէ գոլի հեղինակ չէր դարձել, սակայն 2020 թվականի մեկնարկից նա պարզապես փայլում է։ Նախքան հարկադիր դադարը «Միլանը» բոլոր մրցաշարերում դարձել էր 20 գոլի հեղինակ, որոնցից 7-ը խփել էր հենց Անտե Ռեբիչը, իսկ առաջնության վերսկսումից հետո նա արդեն դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցնամ հեղինակ՝ օգնելով իր թիմին նվաճել Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
Անտե Ռեբիչը 2020 թվականին, իրոք, կերպարանափոխվել է՝ ցուցադրելով տպավորիչ ֆուտբոլ։ Զգացվում է նաև այն, որ նա առաջատարի հիանալի հատկանիշներ ունի՝ կարողանալով հարկ եղած դեպքում թիմին տանել իր հետևից։ Նա մեծ ցանկությամբ է խաղում՝ պայքարելով ամեն մետրի համար, ինչի ապացույցն էր նաև Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայացած «Յուվենտուսի» դեմ հանդիպման ընթացքում ստացած կարմիր քարտը։
Բացի Հական Չալհանօղլուից և Անտե Ռեռիբիչից, կա մի ֆուտբոլիստ, ով միայն իր ներկայությամբ արդեն հերիք էր, որպեսզի «Միլանը» կերպարանափոխվի։ Եվ, այո՛, նրա անունն է Զլատան Իբրահիմովիչ։
Ճիշտ է՝ Զլատանն ընդամենը կես մրցաշրջան է հասցրել հանդես գալ միլանյան ակումբի կազմում, սակայն հասցրել է 19 խաղում դառնալ 10 գոլ հեղինակ։ Եվ դա 38 տարեկան հասակում․․․ Կորոնադադարից հետո շվեդ հարձակվողը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում նա իր գոլերով «Միլանին» օգնեց հաղթել ոչ միան առաջատարների թվում ընթացող «Լացիոյին, այլև չեմպիոնական տիտղոսը նվաճած «Յուվենտուսին»։
Ակնհայտ է, որ Զլատանը «Միլանի» ոգին է, շարժիչը, ուղեղը, ամեն ինչը․․․ Նա «Միլանի» ֆուտբոլիստներին կարճ ժամանակահատվածում կարողացավ ստիպել, որպեսզի դաշտում մտածեն և գնահատեն իրենց ակումբային գրանցումը, քանի որ եթե այդ տղաները շարունակեին վատ հանդես գալ, նրանցից մեծ մասին վաճառելու էինք, իսկ այդ տղաները «Միլանից» ավելի անվանի ակումբ դժվար թե կարողանային տեղափոխվել։
Կրիշտիանու Ռոնալդու – «Յուվենտուս»
Այս տղան կանգ չի առնում։ Կրիշը ոչ միայն իր գոլերով օգնեց «Յուվենտուսին» 9-րդ անգամ անընդմեջ նվաճել Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը, այլև 35 տարեկան ֆուտբոլիստի համար գերարդյունավետ ֆուտբոլ ցուցադրեց։
Կորոնադադարի ընթացքում Կրիշը երբ որևէ տեսանյութ կամ լուսանկար էր հրապարակում սոցցանցերի իր պաշտոնական օգտահաշիվներում, նա մշտապես մարզվում էր տարբեր մարզասարքերի վրա։ Ռոնալդուն անհավանական նվիրված է իր աշխատանքին, նա գոլային և ընդհանրապես ֆուտբոլային մեքենա է։ Ռոնը առաջնության վերսկսումից հետո 12 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի հեղինակ, ինչը դադարից հետո ընդհանրապես եվրոպական ֆուտբոլի բոլոր ֆուտբոլիստների շրջանակում լավագույն ցուցանիշն է։
Ռոնալդուն լավագույն ռմբարկուների պայքարում մի պահ նույնիսկ հասել էր «Լացիոյի» գոլահար Չիրո Իմոբիլեին՝ չեզոքացնելով 9 գնդակի տարբերությունը, սակայն վերջին պահին 30-ամյա իտալացին կրկին միացրեց իր շարժիչները և վերջին տուրից առաջ 35 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը։ Ամենայն հավանականությամբ, հենց Իմոբիլեն էլ կվերցնի լավագույն ռմբարկուի մրցանակը, քանի որ Ռոնալդուի ակտիվում կա 31 գնդակ, բայց Ռոնալդուն էլ անմասն չմնաց ռեկորդից, քանի որ «Յուվենտուսի» կազմում Ա սերիայի մեկ մրցաշրջանի ընթացքում որևէ ֆուտբոլիստ նման ցուցանիշ չէր գրանցել սկսած 1951/52 մրցաշրջանից սկած։ Վերջին անգամ Ա սերիայի շրջանակում 30 գոլի հեղինակ դարձել էր դանիացի հարձակվող Յոն Հանսենը, իսկ ռեկորդը պատկանում է իտալացի հարձակվող Ֆելիչե Բորելին, ով 1933/34 մրցաշրջանում դարձել է 32 գոլի հեղինակ։ Այսինքն, ռեկորդը կրկնելու համար Կրիշին անհրաժեշտ կլինի վերջին տուրում դառնալ նվազագույնը 1 գոլի հեղինակ։
Չիրո Իմոբիլե – «Լացիո»
Նախքան կորոնադադարը «Լացիոն» անհավանական պայքար էր մղում «Սկուդետոյի» համար, սակայն այդ չարաբաստիկ դադարը խառնեց հռոմեական ակումբի բոլոր խաղաքարտերը։ «Արծիվենրը» ոչ մի կերպ չդիմացան առաջնության խիտ գրաֆիկին, իսկ կարճ պահեստայինների նստարանը միայն ու միայն խանգարեց Սիմոնե Ինձզագիի սաներին, քանի որ հարկ եղած ժամանակ իտալացի մասնագետը ստիպված էր խաղադաշտ դուրս բերել այնպիսի ֆուտբոլիստների, որոնց անուններն ընդհանրապես չէինք էլ լսել, ովքեր իրենց նորամուտն էին նշում մեծ ֆուտբոլում։ «Լացիոն» անցկացրած 11 հանդիպումներում կրեց 5 պարտություն՝ չկարողանալով պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։
Սակայն, դրա հետ մեկտեղ, հռոմեական ակումբի կազմում կա մի ֆուտբոլիստ, ով ընթացիկ մրցաշրջանը գերարդյունավետ է անցկացնում և դրան չխանգարեց նաև չարաբաստիկ դադարը։ Չիրո Իմոբիլեն առաջնության վերսկսումից հետո առաջնության շրջանակում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալացի գոլեադորը արդյունավետ է անցկանցում հատկապես առաջնության վերջնամասը և վերջին 4 խաղերում դարձել է 6 գոլի հեղինակ։ Իմոբիլեն արդեն դարձել է 35 գոլի հեղինակ, ինչի շնրոհիվ ոչ միայն գլխավորում է Ա սերիայի լավագույն ռմբարկուների ցուցակը, այլև 37-րդ տուրի շրջանակում «Բրեշիայի» դեմ խաղում դարձած գոլի շնորհիվ «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում շրջանցեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, և ամենայն հավանականությամբ, կնվաճի բաղձալի մրցանակը։
Չիրո Իմոբիլեն նաև անչափ մոտ է մեկ մրցաշրջանի ընթացքում Ա սերիայի շրջանակում խփած գոլերի ռեկորդի կրկնությանը և գերազանցմանը։ 30-ամյա իտալացին արդեն կրկնել է «Միլանի» լեգենդար շվեդ հարձակվող Գունար Նորդալի ցուցանիշը, ով 1949/50 մրցաշրջանում նույնպես դարձել էր 35 գոլի հեղինակ, իսկ ռեկորդը պատկանում է Գոնսալո Իգուայինին։ Արգենտինացի հարձակվողը 2015/16 մրցաշրջանում «Նապոլիի» կազմում դաձավ 36 գոլի հեղինակ։
Ճիշտ է՝ Չիրո Իմոբիլեն այդ գոլերից շատերը հեղինակել է 11 մետրանոց հարվածի իրացումից հետո, սակայն եկե՛ք լինենք անկեղծ այն հարցում, որ Իմոբիլեն հանդես է գալիս համեստ «Լացիոյի» կազմում, որտեղ հանդես չեն գալիս բազմամիլիոնանոց աստղեր, և նա չունի այն նույն խաղընկերները, որոնց կունենար, օրինակ, հենց «Բավարիայում» հանդես գալու դեպքում։ Նա վաստակել է այդ «Ոսկե խաղակոշիկը»։
Ռուսլան Մալինովսկի – «Ատալանտա»
«Ատալանտան» վերջին 2-3 մրցաշրջանների եվրոպական ամենապրոգրեսիվ թիմերից մեկն է՝ ցուցադրելով դինամիկ, գրավիչ հարձակվողական ֆուտբոլ, որի պիկը կարծես թե դեռևս չի անցել։ Ջանպիերո Գասպերինիի սաներն ընթացիկ մրցաշրջանում անհնարինն են անում՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, իսկ Ա սերիայի շրջանակում կայացած 37 խաղում դարձել է արդեն 98 գոլի հեղինակ, ինչը ներքին առաջնությունում լավագույն ցուցանիշներից մեկն է։
Կորոնադադարից առաջ Բերգամոն ներկայացնող ակումբի առաջատարը Յոսիպ Իլիչիչն էր, ով անհավանական ֆուբտոլ էր ցուցադրում, սակայն նրան այժմ հանգիստ չեն տալիս վնասվածքները և առաջնության վերսկսումից հետո սլովեն ֆուտբոլիստը ոչ մի գոլ չի խփել։ Այդ փաստը Ջանպիերո Գասպերինիին ստիպեց նոմինալ հենակետային կսաիապաշտպան Ռուսլան Մալինովսկիին առաջ տանել դեպի հարձակմանը մոտ դիրքեր՝ ընդհուպ մինչև «կեղծ» 9 համարի դիրք։
27-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը դրանից չընկվեց, դեռ ավելին՝ նա սկսեց անհավանական ֆուտբոլ ցուցադրել՝ դառնալով իր թիմի առաջատարներից մեկը։ Կորոնադադարից հետո նա մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորսական գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Լացիոյի» դեմ խաղում նրա անհավանական գոլը դեռևս երկար կմնա մեր հիշողություններում։
Ռուսլանը միայն հարգանքի արժանի, քանի որ խաղալ նոր դիրքում այն էլ այդպես, գրեթե ոչ ոք չէր սպասում։ Նա անհավանական աշխատասեր ֆուտբոլիստ է, ով հասնցում է և՛ պաշտպանվել, և՛ հիանալի հարձակվել։ Робадяг բոնորոշումը նրա համար է՝ արժանանալով մեծ հարգանքի։ Բացի աշխատասիրությունից, պետք է ավելացնենք նաև ուկրաինացի ֆուտբոլիստի հեռահար հարվածները։ Ընթացիկ մրցաշրջանում նա մրցակցի տուգանային հրապարակից դուրս գտնվող ցանկացած տարածքից խփած գոլերի քանակով լավագույնն է եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում՝ դառնալով այդպիսի 5 գոլի հեղինակ։
Ալեքսիս Սանչես – «Ինտեր»
«Ինտերն» Անտոնիո Կոնտեի գլխավորելուց հետո իր երկրպագուներին մեծ հույսեր է արթնացրել, որ «Յուվենտուսի» հեգեմոնիան վերջապես կավարտվի։ Ընթացիկ մրցաշրջանում չստացվեց, քանի որ միլայնան ակումբը նախ և առաջ անցումային ժամանակներ է ապրում, Կոնտեն իր թիմն է հավաքում, երկրորդ՝ «ներաձուրիները» անչափ շատ միավորներ կորցրին այն խաղերում, որոնք պարտավոր էին հաղթել։
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «կապտասևերը» «ՄՅՈՒ»-ից վարձակալեցին չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ում մանչեսթերյան կարիերան ընդհանրապես չստացվեց։ Մրցաշրջանի առաջին հատվածում Սանչեսիին հանգիստ չէին տալիս վնասվածքները, իսկ երբ հայտնվում էր խաղադաշտում նա կորում էր մյուս խաղացողների ֆոնին։
Սակայն, հարկադիր դադարից հետո 31-ամյա Սանչեսը կարծես վերհիշել է իր անցյալը, երբ մի ժամանակ«Արսենալի» ու «Բարսելոնայի» կազմում հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում։ Սանչեսն ակնհայտ վերածունդ է ապրում ներկա պահին ու դադարից հետո Ա սերիայի շրջանակում լավագույններից մեկն էր։ Նա առաջնության վերսկսումից հետո մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Գոլային փոխանցումների քանակով նա կորոնադադարից հետո եվրոպական թոփ լիգաների ֆուտբոլիստներից զիջում է միայն Լեո Մեսսիին (9 ասիստ) և Հական Չալհանօղլուին (8):
Ալեքսիս Սանչեսը քայլ առ քայլ հայտնվեց միալանյան ակումբի մեկնարկային կազմում և փորձում է ամրապնդել այնտեղ իր տեղը։ Կխոստովանենք, որ Սանչեսն իր խաղով հաճելիորեն զարմացնում է, քանի որ «Արսենալից» հեռանալուց հետո նա առաջին անգամ է այսպիսի ֆուտբոլ խաղում՝ ստիպելով «Ինտերի» ղեկավարությանը փոխել նրա նկատմամբ վերաբերմունքը։ Եթե մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ միլանյան ակումբի ղեկավարները մտածում էին նրան վաճառելու մասին, ապա ներկայումս նրանք «կարմիր սատանաների» հետ բանակցում են, որպեսզի ձեռք բերեն չիլիացու ամբողջական տրանսֆերը։ Հուսանք՝ ապագայի նկատմամբ անորոշությունը չիլիացուն չի խանգարի, այլ կապացուցի, որ երկու ապումբներն էլ արժանիորեն պայքարում են իր տրանսֆերի համար։
Բրունո Ֆերնանդեշ, Մեյսոն Գրինվուդ, Անտոնի Մարսիալ – «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ֆանտաստիկ անցկացրեց առաջնության վերջնամասը, ինչն էլ նպաստեց, որ «կարմիր սատանաները» նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր, սակայն առաջնության աշնանային հատվածից հետո դժվար էր հավատալ, որ Օլե-Գունար Սուլշերի սաներին կհաջողվի նման հաջողության հասնել։ Մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ պարտություն կրել է սույն թվականի հունվարի 22-ին, երբ 0։2 հաշվով զիջեց «Բյորնլիին»։ Այդ խաղից հետո «Յունայթեդը» 14 անպարտելի հանդիպում անցկացրեց՝ հաղթելով դրանցից 9-ում։
Վստահաբար կարելի է ասել, որ այդ հաջողությունները չէին լինի, եթե չիրականացվեր պորտուգալացի ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերը։ Բրունոն միայնակ փոխեց ամբողջ թիմի խաղը՝ դառնալով իր թիմի թե՛ հարձակման, թե՛ կիսապաշտպանության և թե՛ ընդհանրապես հանդերձարանի առաջատարը։ Եթե 25-ամյա պորտուգալացու տրանսֆերը տեղի ունենար դեռևս մրցաշրջանի մեկնարկում, ենթադարաբար նա կդառնար առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը և հավանական է նաև՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստը։ Ֆերնանդեշի տրանսֆերից այս կողմ նա «Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարարեի շրջանակում մասանկցել է 20 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ 10 գոլերից 7-ը Բրունոն հեղինակեց կորոնադադարից հետո։ Նրա՝ «Յունայթեդ» տեղափոխվելուց հետո մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում կրել է ընդամենը մեկ պարտություն՝ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում 1։3 հաշվով պարտվելով «Չելսիին»։
Ինչպես տեսնում եք, Բրունո Ֆերնանդեշը ինչպես հիանալի փլեյմեյքեր է, այնպես էլ եզրափակող։ Նախքան Ֆերնանդեշի տրանսֆերն այդ դիրքում տառապում էին Ջեյսի Լինգարդն ու Դանիել Ջեյմսը, սակայն եկավ Բրունոն, և ամեն ինչ փոխվեց։
Մի փոքր վիճակագրական տվյալներ ներկայացնեն նրա խաղից։ Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 14 խաղում նա միջինը 3․1 անգամ հարվածել է մրցակցի դարպասին, 1․6 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները, 1 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 2․4 անգամ դիմել է հաջող դրիբլինգի, կատարել է 2․1 «կարևոր» փոխանցում, միջինը մեկ խաղում կատարել է 55․5 փոխանցում, որոնցից 75․7 %-ը հասել է հասցեատիրոջը, ինչպես նաև 3․3 անգամ դիպուկ երկար փոխանցում է կատարել․․․ իսկ հիմա պատկերացրեք, որ այս տրանսֆերը տեղի ունեցած լիներ դեռևս նախորդ ամռանը։ Այս կես մրցաշրջանում արդեն դարձավ առաջնությունում լավագույններից մեկը։
Բացի Բրունո Ֆերնանդեշից, կան նաև ևս երկու ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես լուրջ դերակատարում ունեցան «Յունայթեդի» հաջողությունների հարցում։
Հատկապես կցանկանանք առանձնացնել 18-ամյա աջ վինգեր Մեյսոն Գրինվուդին, ով առաջին լիարժեք մրցաշրջանն է անցկացնում պրոֆեսիոնալ մակարդակով։ Անգլիացի հարձակվողը հաճելիորեն զարմացնում է իր հասուն խաղով։ Չնայած իր նույնիսկ պատանի տարիքին՝ Գրինվուդը հիանալի է կարդում խաղը, անչափ արագ է կողմոնորոշվում, ֆանտաստիկ հեռահար հարվածների է տիրապետում երկու ոտքերով էլ և դժվար է գլխի ընկնել նա ձախլիկ է, թե աջլիկ։
Նախքան կորոնադադարն էլ Գրինվուդը լավ տեսք ուներ, սակայն առաջնության վերսկսումից հետո իր ցուցադրած խաղով նա էլ ավելի կամրապնդվի մանկունյական ակումբի մեկնարկային կազմում։ ԱՊԼ-ի շրջանակում վերսկսումից հետո նա մասնակցեց 9 հանդիպման հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերի շրջանակում 47 խաղում դարձավ 17 գոլի հեղինակ։
Նման ցուցադրած խաղով Գարեթ Սաութգեյթը մտածելու տեղ ունի, թե Անգլիայի հավաքականում հարձակման աջ եզրից ով է խաղալու․ Գրինվու՞դը, թե՞ Ջեյդոն Սանչոն։
«Յունայթեդի» հաջողությունները չէին լինի, եթե չլիներ նաև Անտոնի Մարսիալի արդյունավետ ֆուտբոլը։ 24-ամյա ֆրանսիացին իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց․ նա մասնակցեց 45 հանդիպման և դարձավ 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Կորոնադադարից հետո նա այքնան թարմ տեսք ուներ, որ նույնիսկ 31-րդ տուրի շրջանակում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ կայացած խաղում իր կարիերայում առաջին անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ «կարմիր սատանաները» հաղթեցին 3։0 հաշվով։ Բացի այդ 3 գոլերից, ֆրնասիացին հաջորդ խաղերում ևս երեք անգամ տարբեր խաղերում աչքի ընկավ։ Նա գոլային փոխանցումներից էլ անմասն չմնաց՝ 4 անգամ էլ օգնելով աչքի ընկնել իր մյուս թիմկաիցներին։
Բրունո Ֆերնանդեշին, Անտոնի Մարսիալին և Մեյսոն Գրինվուդին էլ գումարենք Մարկուս Ռեշֆորդին, ապա կստանանք կատարյալ գերարդյունավետ հարձակման քառյակ։ Ճիշտ է՝ Ռեշֆորդը առաջնությունը վերսկսելուց հետո այնքան էլ հաջող հանդես չեկավ, սակայն նա նույնպես անցկացրեց իր կարեիերայի լավագույն մրցաշրջանը (42 խաղ, 22 գոլ և 10 գոլային փոխանցում)։
Օլիվիե Ժիրու, Քրիստիան Պուլիշիչ – «Չելսի»
2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Չելսին» հայտնվել էր էր աննախանձելի իրավիճակում․ ակումբը տրանսֆերային որակազրկում ուներ, ակումբից հեռացել էին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին և առաջատար Էդեն Ազարը։ Նորանաշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին բարդագույն խնդրի առաջ կանգնեցրին, սակայն 42-ամյա անգլիացի մասնագետը հիանալի դուրս եկավ դրա տակից։ Նախ նա մարտավարական առումով բավականին լուրջ աշխատանաք տարավ իր թիմի հետ, երկրորդ՝ բացահայտեց մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների (Մեյսոն Մաունթ, Ռիս Ջեյմս, Բիլի Գիլմուր, Թեմի Աբրահամ, Ֆիկայո Թոմորի և այլն)` առաջին իսկ մրցաշրջանում նվաճելով ոչ միայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր, այլև դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Արսենալի» դեմ։
Առաջնության վերջնամասը «ազնվականներն» այնքան էլ հաջող չանցկացրին՝ անցկացրած 9 խաղերում կրելով 3 պարտություն, իսկ թիմի հիմնական գոլահար Թեմի Աբրահամը բառի ամենաուղիղ իմաստով կորցրեց նախկին նշանառությունն ու դիպությունը։ Ֆրենկ Լեմպարդը ստիպված էր հնարավորություն տալ պահեստային տարբերակ համարվող Օլիվիե Ժիրուին և չսխալվեց նրա հարցում։ 33-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դարձել է 10 գոլի հեղինակ, որոնցից 9-ը միայն 2020 թվականին, իսկ եթե ավելի կոնկրետ նա կորոնադադարից հետո դարձավ 7 (1 գոլ Անգլիայի գավաթի շրջանակում, 6 գոլ՝ ԱՊԼ-ի) գոլի հեղինակ, և եթե չլինեին Ժիրուի գոլերը դժվար թե «թոշակառուները» նվաճեին ՉԼ խմբային փուլի և Անգլիայի գավաթի եզրափակչի իրավունք։
Օլիվիե Ժիրուն անչափ բամզաֆունկցիոնալ և բազմափորձ ֆուտբոլիստ է։ Նա կարողանում է խաղալ ինչպես իր խաղընկերների համար, այնպես էլ միայնակ կարող է լուծել դրվագի ելքը, քանի որ ունի հիանալի գոլային հոտառություն և մինչ վերջ պայքարելու ունակություն։ Տիմո Վերները լուրջ մրցակից է ունենալու մեկնարկային կազմում տեղն ամրագրելու հարցում։
Առաջնության վերջնամասում բավականին արդյունավետ հանդես եկավ նաև «ազնվականների» ամերիկացի վինգեր Քրիստիան Պուլիշիչը։ Նախքան առաջնության վերսկսումը 21-ամյա ամերիկացի ֆուտբոլստը վերջին անգամ աչքի էր ընկել 2019 թվականի նոյեմբերի 27-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում գրավելով «Վալենսիայի» դարպասը, իսկ դրանից հետո հաջորդ գնդակը փխեց արդեն սույն թվականի հունիսի 21-ին, երբ վերսկսվեց Պրեմիեր լիգայի խաղարկությունը։ Այդ օրը նա գրավեց «Աստոն Վիլլայի» դարպասը՝ օգնելով իր թիմին 1։2 հաշվով տանել ծանր հաղթանակ։
Դրանից հետո Պուլիշիչը ևս 3 անգամ աչքի ընկավ, իսկ խփած գոլերին էլ ավելացրեց նաև 4 գոլային փոխանցում։
Կարելի է ասել, որ Քրիտիան Պուլիշիչը չհղկված ադամանդ է, ում պակասում է մի փոքր կայունությունը։ Եթե Պուլիշիչը սկսի կայուն ֆուտբոլ ցուցադրել, ինչպես նաև խուսափի վնասվածքներից, ապա միանաշակ «Չելսիի» մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը կարող է դառնալ։ Չնայած առաջնության վերջնամասում նկատվում էր, որ Պուլիշիչը ֆիզիկական առումով ակնհայտ բարելավել է, քանի որ կորոնադադարից հետո անցկացրած 10 հանդիպումներում միջինը 70-75 րոպե անցկացրել է խաղադաշտում և դա այն դեպքում, երբ խաղերը կայանում էին 3-4 օրը մեկ։
Հարի Քեյն – «Տոտենհեմ»
2019 թվականի հունիսի 1-ին «Տոտենհեմը» հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, ինչից հետո դժվար էր պատկերացնել, որ հաջորդ մրցաշրջանը ակումբը ձախողելու է՝ առաջնությունն ավարտելով ոչ միայն 6-րդ հորիզոնականում, այլև մեկ այլ գլխավոր մարզչի ղեկին։ Նախորդ տարվա նոյեմբերին «շնաձկները» չցանկացան հնարավորություն տալ Մաուրիսիո Պոչետինոյին և միանգամից հեռացրին նրան՝ նրա փոխարեն նշանակելով Ժոզե Մոուրինիոյին։
Այդ վատ արդյունքների պատճառներից մեկն էլ այն էր, որ լոնդոնյան ակումբի գոլահար Հարի Քեյնը կայուն արդյունավետությամբ աչքի չէր ընկնում, դրան գումարվեց նաև այս տարվա հունվարին նրա ստացած մկանային վնասվածքը, ինչի պատճառով ստիպված էր 4 ամիս անմասն մնալ ֆուտբոլային հանդիպումներից, սակայն սա այն դեպքերից էր, որ կորոնադադարը միայն դրական առումով ազդեց։ Հարի Քեյնը առաջնության վերսկսումից հետո 9 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ և վստահություն ներշնչեց այն հարցում, որ հաջորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» կարող է լինել մրցունակ։
Բացի արդյունավետությունից, 27-ամյա անգլիացի հարձակվողը կարծես թե վերգտել է իր վստահությունը, արագությունը, ինչպես նաև նրա ֆիրմային հեռահար հարվածները կրկին հաջողություն են բերում նրան։ Հատկապես հիաշատկման է արժանի հուլիսի 19-ին «Լեսթերի» դեմ կայացած խաղում Քեյնի խփած երկրորդ գոլը, երբ հեռահար պտտեցրած հարվածով գրավեց Կասպեր Շմեյխելի դարպասը՝ օգնելով իր թիմին հաղթել 3։0 հաշվով, և եթե առաջնության վերջնամասում չլինիեն Քեյնի խփած գոլերը, «Տոտենհեմը» անմասն էր մնալու նաև Եվրոպա լիգայի խաղարկությունից։
Ժերար Մորենո – «Վիլյառեալ»
«Վիլյառեալը» ավարտված մրցաշրջանում երկակի տպավորություն թողեց․ մի կողմից վալենսիական ակումբը մրցաշրջանի առաջին հատվածը ձախողեց և նույնիսկ հայտնվել էր Լա լիգայի մրցաշրային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ մյուս կողմից՝ «դեղին սուզանավը» կորոնադադարից հետո ուշքի եկավ՝ կարողանալով 9-րդ հորիզոնականից ցատկել 5-րդ հորիզոնական։ Խավիել Կալյեխայի սաները, ի վերջո, նվաճեցին Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, սակայն Կալյեխայի աշխատանքն անտեսվեց և նրան պաշտոնանկ արեցին, իսկ նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Ունայի Էմերին։
«Վիլյառեալի» հիմնական հաղթաթղերից մեկը արդյունավետ ֆուտբոլն էր։ «Դեղին սուզանավը» ավարտված մրցաշրջանում դարձավ 63 գոլի հեղինակ, ինչը «Բարսելոնայից» և «Ռեալից» հետո երրորդ լավագույն ցուցանիշն էր, իսկ ակումբի հիմնական գոլահար Ժերար Մորենոն խփած 18 գոլով լավագույն ռմբարկուների պայքարում զիջեց միայն Լեո Մեսսիին և Կարիմ Բենզեմային։
Մորենոն հատկապես արդյունավետ անցկացրեց կորոնադադարից հետո տեղի ունեցած 11 հանդիպումներում՝ խփելով 7 գոլ։ Ունենալով նման հարձակվող՝ էապես հեշտացնում է «Վիլյառեալի» գործը։ Բացի դրանից, Մորենոն հարկադիր դադարից հետո էապես բարելավել էր մարզավիճակը և հիանալի էր զգում խաղը։
Պետք է հավելենք, որ 28-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դարձավ 20 գոլի հեղինակ, ինչն իր կարիերայի լավագույն ցուցանիշն է, և եթե հաջորդ մրցաշրջանում էլ աչքի ընկնի նման բարձր արդյունավետությամբ, ապա վստահաբար հնարավորություն կստանա Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել 2021 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Հավաքականի կազմում Մորենոն իր նորամուտը նշեց 27 տարեկան հասակում։ Դա տեղի ունեցավ նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին Եվրո-2020-ի որակավորման փուլի Շվեդիայի դեմ խաղում, ինչից հետո նա ևս երկու անգամ հայտնվեց «Ֆուրիո Ռոխայի» մեկնարկային կազմում՝ երկու խաղում դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Լուիս Էնրիկեն հավաքականում կարող է հզոր զենք ունենալ։
Կառլոս Ֆերնանդես – «Գրանադա»
«Գրանադան», որը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո էր վերադարձել իսպանական ֆուտբոլի էլիտա, 2019/20 մրցաշրջանում հանդես էր գալիս փոխնիփոխ հաջողություններով։ Լա լիգայի 38-րդ տուրից առաջ Դիեգո Մարտինեսի սաները զբաղեցնում էին մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը և իրադարձությունների հաջող զարգացման դեպքում անդալուսական ակումբ դեռևս տեսական հնարավորություն էր նվաճել պահպանում Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
Վերջին տուրից առաջ 7-րդ հորիզոնականը զբաղեցնում էր «Խետաֆեն», որը հյուրընկալվելիս 1։0 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Լևանտեից», իսկ 8-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վալենսիան» էլ նույն հաշվով զիջեց «Սևիլիային»։ Միայն այս սցենարի դեպքում «Գրանադան» կարող էր պատմական նվաճման հասնել, ինչն էլ տեղի ունեցավ։ Անդալուսական համեստ ակումբը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց ամուր կորիզ համարվող Բիլբաոյի «Ատլետիկին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ «Գրանադան» կարող էր նույնիսկ նվաճել խմբային փուլի ուղիղ ուղեգիր, սակայն վերջին տուրում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս «Ատլետիկո Մադրիդի» դեմ հանդիպման վերջին րոպեներին խփեց պատասխան գնդակը, հաշիվը դարձրեց 1։1, նույնպես վաստակեց 56 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։
«Գրանադան», իրոք, համեստագույն ակումբ է․ նրա ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 52 մլն եվրո է, սակայն խաղալ այդպիսի նվիրվածությամբ, ոչ բոլորին է հասու։
Անդալուսական ակումբը հատկապես հաջող հանդես եկավ կորանադադարից հետո՝ անցկացրած 11 հանդիպումներում կերլով ընդամենը երկու պարտություն, իսկ այդ թիմի գոլահար Կառլոս Ֆերնանդեսը բավականին արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեց վերջին խաղերում։ Եթե 24-ամյա հարձակվողը նախքան հարկադիր դադարը առաջնության անցկացրած 23 խաղերում աչքի էր ընկել 5 անգամ, ապա դադարից հետո 11 խաղերում խփեց 6 գոլ՝ մեծապես օգնելով իր թիմին նվաճել Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Հատկապես տպավորիչ էր նրա դուբլը «Խետաֆեի» դարպասը, երբ ընդամենը 9 րոպեի ընթացքում նա երկու անգամ գրավեց մադրիդյան ակումբի դարպասը և կամային հաղթանակ պարգևեց իր ակումբին։
Ֆերնանդեսը տիպիկ կենտրոնական հարձակվող է։ Նա հիմնականում աշխատում է առանց գնդակի՝ ազատ տարածություններ գտնելով ինքն իր համար։ Նա բավականին արագ է, չնայած ընդամենը 185 սմ հասակին, հիանալի է խաղում երկրորդ հարկում, մշտապես միտված է դեպի մրցակցի դարպասը։ Ճիշտ է՝ դեռ շատ բարելավելու տեղեր ունի, սակայն նրա մոտ առաջընթացն ակնհայտ է։
24-ամյա ֆուտբոլիստը «Սևիլիայի» մարզադպրոցի սան է, իսկ նրա տրանսֆերային իրավունքներն էլ պատկանում են Անդալուսիայի գլխավոր ակումբին, և նա արդեն վերադարձել է հարազատ ակումբ։ Ֆերնանդեսն այսպես շարունակելու դեպքում միանշանակ կարող է հայտնվել հարազատ ակումբի մեկնարկային կազմում։ «Սևիլիայում» այդ դիրքը ներկայումս բավականին խնդրահարույց է և մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին լուրջ մտահոգվելու առիթ ունի, քանի որ ակումբի հիմնական հարձակվող Լյուկ դե Յոնգը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 42 խաղում աչքի ընկավ ընդամենը 7 անգամ, իսկ Յուսուֆ Էն-Նեսերին 22 խաղում՝ 5 անգամ․․․ Ինքներդ դատեք՝ Կառլոս Ֆերնանդեսը համեստ «Գրանադայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցեց 40 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ։
Լեո Մեսսի – «Բարսելոնա»
«Բարսելոնան» նախքան կորոնադադարը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապդնող «Ռեալին» գերազանցելով երկու միավոր, սակայն առաջնության վերսկսումից հետո կատալոնական ակումբը բախվեց լուրջ խնդնիրների առջև։ Առաջին հերթին «բլաուգրանասի» խաղը բացարձակ չէր ստացվում, ակումբի ֆուտբոլիստները դժգոհ էին Կիկիե Սետիենի որոշ գաղափարական մոտեցումներից, ինչն էլ հանգեցրեց նրա ու ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտի, դա էլ իր հերթին՝ թիմի հանդերձարանի մթնոլորտի խաթարման։
Այդ ամենը նպաստեց, որ կատալոնական ակումբը վերջին 11 հանդիպումներից հաղթեց ընդամենը 7-ը, չեմպիոնական տիտղոսը զիջեց «Ռեալին»՝ հետ մնալով 5 միավոր, սակայն «Բարսելոնայի» դրական կետերից մեկն այն էր, որ Լեո Մեսսին կրկին հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում։ «Լուն» առաջնության վերջին 11 խաղերում դարձավ 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացի ֆուտբոլստն այդ արդյունքի շնորհիվ միանգամից երկու պատմական ցուցանիշ գրանցեց։ Նախ արգենտինացին խփած 25 գոլի շնորհիվ նվաճեց Լա լիգայի լավագույն ռմբարկուի տիտղոսը, որը նրա կարիերայում 7-րդն էր՝ դառնալով ռեկորդակիր։ Մեսսին գերազանցեց «Ատլետիկ Բիլբաոյի» լեգենդար հարձակվող Տելմո Սարայի ռեկորդը, ով 1945-1953 թվականների ընթացքում լավագույն ռմբարկու էր դարձել 6 անգամ։
Արգենտինացի ֆուտբոլիստնն առաջնությունն ավարտեց կատարած 21 գոլային փոխանցումով, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Որևէ ֆուտբոլիստ մեկ մրցաշրջանի ընթացքում չի կատարել այդքան շատ ասիստ։ Մեսսին գերազանցեց իր նախկին խաղընկեր Խավիի ռեկորդը, ով 2008/09 մրցաշրջանում կատարել էր 20 ասիստ։ Այսպիսով, Լա լիգայի շրջանակում Լեո Մեսսիին են պատկանում արդյունավետության բոլոր ռեկորդները։ Նա Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է (444 գոլ), լավագույն ասիստենտն է (202 ասիստ), մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է (2011/12 մրցաշրջանում դարձել է 50 գոլի հեղինակ), ինչպես նաև մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ ասիստ կատարած ֆոտբոլիստն է (2019/20 մրցաշրջան՝ 21 ասիստ): Անխոս, Մեսսին անհատական առումով Լա լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և առանց այս թվերի էլ նա հանճարեղ ֆուտբոլիստ է։
Մարկոս Լյորենտե – «Ատլետիկո Մադրիդ»
«Ատլետիկո Մադրիդը» մրցաշրջանի առաջին հատվածում բավականին անհաջող էր հանդես գալիս և կորոնադադարից առաջ վտանգում էր նույնիսկ չնվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Դիեգո Սիմեոնեի սաները անչափ իներտ էին գործում խաղադաշտում, հարձակման գծում պահեր կային, սակայն թե՛ Ալվարո Մորատան, թե՛ Դիեգո Կոստան պահերը փչացնում էին մեկի հետևից։
Կորոնադադարից հետո «հնդկացիներն» ուշքի եկան՝ 6-րդ հորիզոնականից բարձրանալով 3-րդ հորիզոնական, և ի վերջո, նավճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Դեռևս Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ կայացած պատասխան խաղում «ատլետների» գլխավոր մարզիչ Դիեգեո Սիմեոնեն հետաքրքիր մարտավարական լուծում էր մտածել, որի հիմնական հենասյունը ակումբի նոմինալ հենակետային կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն էր։ Այդ հանդիպման 56-րդ րոպեին Սիմեոնեն Դիեգո Կոստայի փոխարեն խաղաշտ դուրս բերեց Լյորենտեին և բոլորին թվում էր, թե արգենտինացի մասնագետն ուժեղացնում է դաշտի կենտրոնը, բայց արի ու տես, որ նոմինալ հենակետայինը սկսեց հանդես գալ գրեթե հարձակման կրակածայրում։ Ի վերջո, Մարկոս Լյորենտեն դարձավ հանդիպման հերոսը, լրացուցիչ ժամանակում դառնալով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ մադրիդյան ակումբը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով, դուրս թողնելով մրցաշարի գործող գավաթակրին։
Կորոնադադարից հետո էլ Մարկոս Լյորենտեն հիմնականում խաղադաշտ էր դուրս գալիս կա՛մ հետ քաշված հարձակվողի, կա՛մ էլ աջ վինգերի դիրքում՝ կարճ ժամանակահատվածում դառնալով Դիեգո Սիմեոնեի ամենաառանցքային խաղացողներից մեկը։ Եթե մինչև կորոնադադարը Լյորենտեն Լա լիգայի շրջանակում մասնակցել էր 18 հանդիպման և խփել ընդամենը 1 գոլ ու հիմնականում համարվում էր ռոտացիոն ֆուտբոլիստ, ապա առաջնության վերսկսումից հետո 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 11 անգամ՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մարկոս Լյորենտեն հարգանքի է արժանի միայն նրա համար, որ կարողացավ կարճ ժամանակահատվածում վերաորակավորվել նոր դիրքում և դառնալ Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոյի» ամենահետաքրքիր զենքերից մեկը։ «Էլ Չոլոյի» համար անլուծելի խնդիրներ չկան։
Սերխիո Ռամոս – «Ռեալ Մադրիդ»
Առաջնության դադարից առաջ «Ռեալը», ճիշտ է, կայացած երկու Էլ կլասիկոներում վաստակել էր միասին վերցրած 4 միավոր, սակայն երկու միավորով զիջում էր «Բարսելոնային»՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Հարկադիր դադարից հետո «Ռեալը» հասկանում էր, որ որևէ կորցնելու բան չունի և հանդես էր գալիս առավելագույն կենտրոնացվածությամբ։ Զինեդին Զիդանի սաների խաղը հաճախ կատարյալ չէր, իսկ որոշ խաղերում հաղթական գնդակները խփվեցին 11 մետրանոց հարվածի իրացումից հետո, սակայն «արքայական» ակումբը կայացած 11 խաղերից 10-ն ավարտեց հաղթանակով, ավելին այդ 10 հաղթանակներն անընդմեջ եղան և միայն վերջին տուրում, երբ արդեն չեմպիոնական տիտղոսը նվաճել էին «Ռեալի» ֆուտբոլիստները, հյուրընկալվելիս 2։2 արդյունքը գրանցեցին «Լեգանեսի» դեմ խաղում։
Չեմպիոնական «Ռեալի» կազմում անհնար է չնկատել թիմի ավագ Սերխիո Ռամոսի դերը, ով պարզապես անհավանական անցկացրեց առաջնության վերջնահատվածը։ Ռամոսն անցկացրած 10 խաղում դարձավ 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Համաձայն եք՝ նույնիսկ շատ կենտրոնական հարձակվողներ կերազեին այսպիսի ցուցանիշ գրանցել, իսկ Սերխիո Ռամոսը ոչ միայն կենտրոնական պաշտպան է, այլև արդեն 34 տարեկան, սակայն իսպանացի պաշտպանն ապացուցեց, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ տարիքը դառնում է զուտ թիվ։
Ռամոսն ընթացիկ մրցաշրջանն ավարտեց խփած 11 գնդակով, ինչը նրա կարիերայի լավագույն ցուցանիշն է՝ արդյունավետության առումով։ Այդ ցուցանիշնի շնորհիվ 34-ամյա պաշտպանը Լա լիգայի շրջանակում դարձավ միակ պաշտպանը, ով 2000 թվականից ի վեր դարձել է այդքան շատ գոլի հեղինակ: Բացի դրանից, Ռամոսը Լա լիգայի շրջանակում արդեն դարձել է 72 գոլի հեղինակ և շրջանցել է «Բարսելոնայի» նախկին կենտորնական պաշտպան Ռոնալդ Կումանի ցուցանիշը, ով խփել է 67 գոլ։ Այժմ հենց իսպանացի պաշտպանն է իսպանական Պրեմիերայի ամենաարդյունավետ պաշտպանը։
Սերխիո Ռամոսը, իրոք, «Ռեալին» առաջնորդեց դեպի 34-րդ չեմպիոնական տիտղոսը։ Հարգանքի արժանի ֆուտբոլիստ 💪
Այսպիսով, ներկայացրինք այն խաղացողներին, որոնք, ըստ մեզ, կորոնադադարից հետո պարզապես հիանալի հանդես եկան՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը։ Այս ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ հաջողության են հասնում ոչ միայն տքնաջան աշխատողները, այլև իրենց գործին հավատարիմ ֆուտբոլիստները։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Միքայել Մելիքբեկյան
# Ա-սերիա, Ալեքսիս-Սանչես, Անտե Ռեբիչ, Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բարսելոնա, Բունդեսլիգա, Բրունո Ֆերնանդեշ, Գրանադա, Զլատան-Իբրահիմովիչ, Ժերար Մորենո, Ինտեր, Լա-լիգա, Լացիո, Լեո Մեսսի, Լեոն Գորեցկա, Կառլոս Ֆերնանդես, կորոնադադար, կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Հական Չալհանօղլու, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկոս Լյորենտե, Մեյսոն Գրինվուդ, Միլան, Յուվենտուս, Չելսի, Չիրո Իմոբիլե, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռուսլան Մալինովսկի, Սերխիո-Ռամոս, Վիլյառեալ, Տոտենհեմ, Քրիստիան Պուլիշիչ, Օլիվիե Ժիրու