Ֆուտբոլային weekend-ին սպասելիս
Այս ֆուտբոլային weekend-ը լի է լինելու ֆանտաստիկ հանդիպումներով, հատկապես աչքի է ընկնելու իտալական Ա սերիան։ Միասին կծանոթանանք, թե ինչ հանդիպումներ են լինելու այս շաբաթ և կիրակի օրերին։
ԱՊԼ
«Քրիստալ Փելես» – «Արսենալ» 11․01, 16։30, «Հ2»
Լոնդոնյան թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են։ Երկու թիմերի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը բացասական է, սակայն Ռոյ Հոջսոնի սաներն ավելի քիչ են խփում, քան Միկել Արտետայի գլխավորած թիմը։ Իսպանացի մասնագետի օրոք մի փոքր խաղային վերելք է նկատվում։ 37-ամյա մասնագետը դրական իմպուլս է հաղորդել իր թիմին և մոտիվացիայի խնդիր թիմի մոտ ներկա պահին չի նկատվում։ Առաջվա նման արդյունավետ է գաբոնցի Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Գրանիտ Ջական կարծես թե հաշտվել է թիմի հետ, Մեզութ Օզիլը վերջապես ժպտում է և այլն։ Մնում է՝ հաղթել լոնդոնյան փոքրիկ դերբիում և բարելավել դիրքեը։
Կանխատեսում՝ «Արսենալի» հաղթանակ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նորվիչ» 11․02, 19։00, «Հ2»
«Կարմիր սատանաները» շատ անկայուն ելույթներով են աչքի ընկնում։ Եթե թիմը դեկտեմբերին կտրուկ մոտեցել էր 4-րդ հորիզոնականին, ապա հունվարին ակումբը կրկին անիմաստ միավորներ բաժանեց։ Օլե-Գունար Սուլշերի գլխին կրկին սև ամպեր են կուտակվում, քանի որ թիմը վերջին երկու խաղերում պարտվել է սկզբունքային մրցակիցներից՝ «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին»։ Ճիշտ է՝ քաղաքաբնակներին պարտվել են Լիգայի գավաթի շրջանակում, սակայն Պեպ Գվարդիոլայի սաները ամեն առումով ոչնչացրել են իրենց համաքաղաքացիներին։ Սակայն, «Յունայթեդն» այսօր պարտավոր է հաղթել հետնապահին, հատկապես հաշվի առնելով այն, որ «դեղձանիկների» առաջատար Տեմո Պուկին բաց է թողնելու հանդիպումը։
Կանխատեսում՝ «Յունայթեդի» հաղթանակ
«Տոտենհեմ» – «Լիվերպուլ» 11․01, 21։30, «Հ2»
Գլխավորելով «Տոտենհեմը»՝ Ժոզե Մոուրինոն մի շարք տպավորիչ հանդիպումների շարք ունեցավ։ Սակայն, որոշ ժամանակ անց այդ խաղերի շարքը խամրեց, քանի որ Ժոզեի մոտ ոչինչ էլ չի փոխվել։ Պարզապես պորտուգալացի մասնագետը միշտ եղել է շոումեն և այդպես էլ մնացել է։ Եվ դժվար է պատկերացնել, որ վնասվածքների երկար շարք ունեցող թիմն այսօր կկարողանա անհավանական ֆուտբոլ ցուցադրող «Լիվերպուլի» դեմ պայքար մղել։ Հարի Քեյնին կորցնելով՝ այդ շանսերը գրեթե հավասարվեցին զրոյի։ Յուրգեն Կլոպի սաները գերմոտիվացված են, գնում են բոլոր հնարավոր ռեկորդների և բաղձալի չեմպիոնական տիտղոսի հետևից։
Կանխատեսում՝ «Լիվերպուլի» հաղթանակ
Ա սերիա
«Միլան» – «Կալյարի» 11․01, 18։00
«Միլանը» կատարյալ ձախողում է այս մրցաշրջանը։ Երբեմնի հզորագույն ակումբը հայտնվել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում։ Ակումբը ոչ միայն աչքի է ընկնում անշուք խաղով, այլև չի դառնում գոլերի հեղինակ, այդ իսկ պատճառով էլ ձեռք բերեցին 38-ամյա Զլատան Իբրահիմովիչին։ Ընթացիկ մրցաշրջանի բացահայտում դարձած «Կալյարին», ընդհակառակը շատ բալանսավորված թիմ է, որը միջակ թիմերի մեջ ներկա պահին միանշանակ ամենալավ ֆուտբոլ խաղացող թիմն է։ Սակայն, վերջին 4 խաղերում չեն տարել հաղթանակ՝ մի փոքր զիջելով իրենց դիրքեը։ «Միլանը» եվրագավաթային գոտուց շատ հետ չի մնում, սակայն այսպիսի խաղով դժվար է պատկերացնել, որ «ռոսոներինը» ի վիճակի կլինեն որևէ եվրագավաթի ուղեգիր նվաճել։ Թիմը պետք է մտածի մրցաշրջանը գոնե պատվով ավարտելու մասին, իսկ Ռոլանդո Մառանի սաները պետք է փորձեն նվազագույնը Եվրպո լիգայի ուղեգիր նվճան, ինչը մեծ հաջողություն կհամարվի։
Կանխատեսում՝ ոչ-ոքի
«Լացիո» – «Նապոլի» 11․01, 21։00
Հռոմեական ակումբն ընթացիկ մրցաշրջանում անհավանական ֆուտբոլ է ցուցադրում՝ անպասելիորեն խառնվելով չեմպիոնական մրցավազքին։ Այս տուրում բացառված չէ թե՛ «Ինտերի» և թե՛ «Յուվենտուսի» միավորենրի կորուստը, իսկ «Լացիոյի» հաղթանակի դեպքում հռոմեական ակումբը կորցրած միավորներով միավորների տարբերությունը կհասցնեն նվազագույն՝ 1 միավորի։ «Արծիվները» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն անընդմեջ հաղթանակ անպարտելի են, իսկ վերջին 9 խաղերում նույնքան հաղթանակ են տարել, ինչը ակումբային ռեկորդ է։ «Նապոլին» էլ իր հերթին հիասթափեցնում է իր խաղով։ Ակումբի ղեկավարությունը չգիտես էլ, թե ինչով է մտածում, երբ հեռացնում է Կառլո Անչելոտիին և թիմ է հրավիրում Ջենարո Գատուզոյին։ Դժվար է պատկերացնել, որ երբեմն հզորագույն ֆուտբոլիստը երբևէ կդառնա լուրջ մասնագետ, սակայն Աուրելիո դե Լաուրենտիսը նրա հետ հույսեր է կապում։ Իսկ ինչ վերաբերվում է ակումբի տրանսֆերային քաղաքականությանը, ներկա պահին ակումբը փորձում է համալրումներ ունենալ, որպեսզի փրկի հնարավոր ձախողված մրցաշրջանը։
Կանխատեսում՝ «Լացիոյի» հաղթանակ
«Ինտեր» – «Ատալանտա» 11․01, 23։45
Այս հանդիպումը խոստանում է լինել weekend-ի զարդը։ Իրար դեմ են մրցելու առաջնության լավագույն պաշտանության և հարձակման գիծն ունեցող թիմերը։ Երկու թիմերն իրենց խաղով կարծես թե հակատկեր լինեն և կփորձեն ապացուցել, որ իրենց գրանցած արդյունքները պատահական չեն։ «Ինտերը» վերջապես պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար և պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետ չմնա առաջատար «Յուվենտուսից»։ Սակայն,Անտոնիո Կոնտեի սաների համար չափազանց բարդ է լինելու, քանի որ «Ատալանտան» նույնպես ունի իր խնդիրներն ու նպատակները։ Ջամպիերո Գասպերինիի սաներն ապացուցել են, որ ենրքին առաջնությունում ի զորու են ցանկացած թիմի հաղթել և այն փաստը, որ թիմը առաջնության լավագույն հարձակման գիծն ունեցող ակումբն է, կրկնակի բարդացնում է «ներաձուրիների» խնդիրը։ Բերգամոն ներկայացնող ակումբը կփորձի երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, բայց դրա համար պետք է հաղթել նաև մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվող ակումբներին։
Կանխատեսում՝ ոչ-ոքի
«Ռոմա» – «Յուվենտուս» 12․01, 23։45, «Արմենիա» ՀԸ
Տուրի գլխավոր հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ Վերջին շրջանում անհավանական ֆուտբոլ ցուցադրող Կրիշտիանու Ռոնալդուն և ընկերները կփորձեն կրկին առաջին տեղով ավարտել տուրը, ինչի համար բարդ փորձություն է սպասվում մայրաքաղաքում։ «Ռոման» միշտ պատրաստ է տխրեցնել իր ամենասկզբունքային մրցակիցներից մեկին։ Սակայն, դրա համար համար հռոմեական ակումբը պետք է 200% կենտրոնացվածությամբ ու նվիրվածությամբ խաղա, քանի որ ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսը» մասամբ անկախատեսելի թիմ է դարձել, քանի որ դժվար է գուշակել, թե Կրիշտիանու Ռոնալդուն ինչ տրամադրությամբ դուրս կգա խաղադաշտ և ակնհայտ է, որ պորտուգալացուց շատ բան է կախված։ «Ռոման» տարին սկսեց պարտությամբ, բայց պետք է նշել, որ Պաուլու Ֆոնսեկայի սաների մոտ ընթացիկ մրցաշրջանում այդպիսի տապալված հանդիումներ մեկումեջ լինում են, ինչից հետո անպարտելի խաղերի շարք է հաջորդում։ Այս անգամ էլ, հնարավոր է, բացառություն չլինի, քանի որ «Ռոման» «Յուվենտուսի» դեմ խաղերում երբեք մոտիվացիայի պակաս չունի, սակայն ընթացիկ մրցաշրջանում մարզական բախտը «Յուվենտուսի» կողմն է։ Խնդրում եմ սխալ չհասկանալ, թե նկատի ունենք, որ «Յուվենտուսը» բախտի բերմամբ է հայտնվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, սակայն եղել են խաղեր, երբ թուրինյան ակումբը չպետք է հաղթեր, սակայն հաղթել են։ Ցավոք, վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 3-4 շաբաթ բաց է թողնելու։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր ֆուտբոլիստին։
Կանխատեսում՝ ոչ-ոքի
Իսպանիայի սուպերգավաթ
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» 12․01, 22։00
Սաուդյան Արաբիայում ավարտին է մոտենում Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարը, որն այս տարի նոր ձևաչափով անցկացվեց։ Շատերի կարծիքով նոր ձևաչափը բավականին հետաքրքիր է, մի մասի կարծիքով էլ պարզապես հերթական բիզնես ծրագիրը և ավելի շատ բացասական կարծիքներն են գերակշռում։ Սակայն, պետք է նշել, որ այս հանդիպումը weekend-ի կարևորագույն հանդիպումն է, քանի որ տիտղոս է խաղարկվում։ Զինեդին Զիդանի սաները բավականին վստահ տեսք ունեին «Վալենսիայի» դեմ խաղում և բոլոր ասպեկտներում ուժեղ գտնվեցին մրցակցից։ Իսկ մադրիդյան մյուս ակումբը՝ «Ատլետիկոն», ընդհակառակը, խաղով պարտվեց «Բարսելոնային», սակայն մրցակցի թույլ տված մանկական սխալներից օգտվելով, դուրս եկավ եզրափակիչ։ Նաև պետք է նշել, որ «արքայական» ակումբը հոկտեմբեր ամսից սկսած ցուցադրում է բավականին հասուն խաղ, նույնիսկ առաջատարների բացակայությունը չի ազդում։ «Վալենսիայի» դեմ խաղում ևս մեկ անգամ դրանում համոզվեցինք։ Այդ պատճառով էլ «սերուցքայինները» այս հանդիպման ֆավորիտն են, սակայն ֆուտբոլն անկախատեսելի խաղ է, և «Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպման ընթացքում մի քանի անգամ համոզվեցինք դրանում։ Սա մեկ խաղ է և ամեն ինչ կարող է պատահել։ Դիեգո Սիմեոնեի առավելությունն էլ այն է, որ նա իր թիմին կարող է կոնկրետ մեկ խաղի համար գերմոտիվացված հանել դաշտ և նրանք ամեն ինչի ի զորու լինեն։ Գավաթային խաղերը Սիմեոնեի նախընտրած խաղերն են։
Կանխատեսում՝ «Ռեալը» կդառնա սուպերգավաթակիր։
# Ա-սերիա, ԱՊԼ, Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Ինտեր, Իսպանիայի սուպերգավաթ, Լացիո, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Նապոլի, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ