Ինտերը վստահ խաղով շարժվում է առաջ՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 21-րդ տուրը, որի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» մրցեց «Ինտերի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց միլանյան ակումբի առավելությամբ, ինչն էլ հետագայում տվեց իր արդյունքը։ 31-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Նիկոլո Բարելան բավական գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը։
Նախքան ընդմիջման գնալը «մանուշակները» նույնպես աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջակոմո Բոնավենտուրան և Քրիստիանո Բիրագին․ երկու դեպքում էլ «Ինտերին» փրկեց դարպասապահ Սամիր Հանդանովիչը։
«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստները չօգտագործեցին իրենց պահերը, ինչի համար «ներաձուրիները» երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 52-րդ րոպեին, պատժեցին մրցակցին։ Աշրաֆ Հակիմին հարձակման աջ եզրից ներժուխեց մրցակցի տուգանային հրապարակ և դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Իվան Պերիշիչին․ վերջինս էլ չվրիպեց մոտ տարածությունից՝ կրկնապատկելով հաշվի տարբերությունը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Անտոնիո Կոնտեի սաներն աչքի ընկնելու առնվազն 3-4 լավ պահեր ունեին, սակայն նույն Իվան Պերիշիչը, Ռոբերտո Գալյարդինին, Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը փչացրին իրենց դրվագները։
Հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ, և «Ինտերը» վստահ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 47 միավոր, շրջանցեց «Միլանին» և ժամանակավորապես բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։ «Միլանը» 21-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի փետրվարի 7-ին՝ սեփական հարկի տակ մրցելով առաջնության բացահայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։
«Ֆիորենտինան» էլ մնաց 22 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Անտոնիո Կոնտե, Աշրաֆ Հակիմի, Ինտեր, Իվան Պերիշիչ, Կրոտոնե, Միլան, Նիկոլո Բարելա, Ֆիորենտինա