Ֆանտաստիկ թրիլլեր Բերգամոյում. Ատալանտան ու Տորինոն 8 գոլ խփեցին🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձգված «Ատալանտա» – «Տորինո» հանդիպումը։
Հանդիպումն անցավ պարզապես թրիլլերային սցենարով, սակայն ամեն ինչ հերթով։
Կարելի է ասել թուրինյան ակումբը խաղն սկսեց մեկ գնդակի առավելության պայմաններում, քանի որ արդեն 4-րդ րոպեին Անտոնիո Սանաբրիան առաջ մղեց «Տորինոյին»։
Տանտերերը շատ արագ ուշքի եկան և ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։
Նախ 18-րդ րոպեին Լուիս Մուրիելը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, ապա 23-րդ րոպեին Մարտեն դե Ռոնն առաջ մղեց արդեն բերգամասկներին։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը «Տորինոն» հավսարեցրեց հաշիվը. 36-րդ րոպեին Սաշա Լուկիչը նույնպես աչքի ընկավ 11-մետրանոցից։
Կողմեր ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն էլ ավելի դրամատիկ ստացվեց։
Խաղակեսի միջնամասում «ցլերն» ընդամենը չորս րոպեի ընթացքում երկու գնդակի առավելություն ստացան։
63-րդ րոպեին «Տորինոյի» կազմից գոլի հեղինակ դարձավ նույն Լուկիչը, իսկ 67-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերը գրավեց սեփական դարպասը։
Ընդ որում, սերբ կիսապաշտպանը կրկին աչքի ընկավ 11-մետրանոցից։
Թվում էր` վերջ. «Տորինոն» այլևս ձեռքից բաց չի թողնի հաղթանակը, սակայն դրա հետ համաձայն չէին Ջանպիերո Գասպերինիի սաները, ովքեր իրենց մեջ ուժ գտան ու ոչ-ոքի կորզեցին խաղավերջում։
78-րդ րոպեին բերգամասկների համար մեկ գնդակ հետ բերեց Մարիո Պաշալիչը, իսկ 84-րդ րոպեին Լուիս Մուրիելը դիպուկ իրացեց այս հանդիպման ընթացքում նշանակված չորրորդ 11-մետրանոցը։
Հանդիպման վերջնամասում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց գերգոլառատ ոչ-ոքի արդյունքով` 4:4։
Այս ոչ-ոքիից հետո «Ատալանտան» վաստակեց 55 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
«Տորինոն», 44 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՆտոնիո Սանաբրիա, Ատալանտա, Լուիս Մուրիել, Մարիո Պաշալիչ, Մարտեն դե Ռոն, Ջանպիերո Գասպերինի, Ռեմո Ֆրոյլեր, Սաշա Լուկիչ, Տորինո